ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ՌԴ մանկական ճամբարների դեմ՝ ուկրաինացի երեխաների արտաքսման և ձուլման համար

Քաղաքականություն

11.05.2026 | 18:28

Եվրամիությունն ընդլայնել է իր հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 16 անհատի և 7 կազմակերպություն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նոր անունները ներառվել են ուկրաինացի երեխաների «համակարգված անօրինական արտաքսմանը, հարկադիր տեղահանմանը և ձուլմանը, այդ թվում՝ գաղափարական ինդոկտրինացիային և ռազմականացված կրթությանը», ինչպես նաև նրանց անօրինական որդեգրմանը և Ուկրաինայի տարածքից արտաքսմանը մասնակցելու համար, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, պատժամիջոցների  ցանկում  ներառվել են «Օրլյոնոկ», «Ալիե Պարուսա» և «Սմենա» համառուսաստանյան մանկական կենտրոնները, ինչպես նաև Սևաստոպոլի ДОСААФ կենտրոնը բռնակցված Ղրիմում, Նախիմովի անվան ռազմածովային դպրոցը և այնտեղ գտնվող «Պատրիոտ» ռազմահայրենասիրական ակումբը՝ հարկադիր ասիմիլյացիայի և գաղափարախոսական ինդոկտրինացիայի պետական ​​ծրագրերին մասնակցելու համար։

Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև «երիտասարդական ճամբարների և ռազմահայրենասիրական ակումբների ու կազմակերպությունների տարբեր ղեկավարներ, որոնք բոլորն էլ պատասխանատու են երիտասարդների շրջանում հայրենասիրական և ռազմական կրթության խթանման համար՝ գաղափարական ինդոկտրինացիայի, ռուսական ռազմական մշակույթին ծանոթանալու, ռազմականացված կազմավորման պատրաստության և Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը փառաբանող միջոցառումներին մասնակցելու համար»։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը արտաքսել և բռնի կերպով վերաբնակեցրել է մոտ 20,500 ուկրաինացի երեխաների, ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment