Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագիտական ծառայողների աշխատավարձերը հավասարեցվեցին

Բաժանորդագրվել

Նոր փոփոխությամբ՝ օտարերկրյա պետությունում ծառայության գործուղված դիվանագետ ամուսիններից 2-ն էլ կստանան աշխատավարձի 100 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հայաստանում և օտարերկրյա պետություններում ծառայություն իրականացնող դիվանագետների աշխատավարձերը հավասարեցվեցին։ Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԱԳ նախարարության ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ավելի վաղ խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ օրենքի նպատակն է բարձրացնել օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը։ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։ Արդյունքում կա բավականին մեծ տարբերություն նրանց աշխատավարձերի միջև, օրինակ` Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267–366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157–178 հազար։

Խորհրդարանի ընդունած նախագծով որոշ երկրներում կբացվեն դիվանագիտական գրասենյակներ։ Միրզոյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում անհրաժեշտ է լինում ունենալ պետության ներկայացվածություն, սակայն այդ ժամանակահատվածում ֆինանսական կամ այլ տեսանկյունից նպատակահարմար չի լինում դեսպանության ստեղծումը: Նման դեպքերում օտարերկրյա պետության հետ կարող է ձեռք բերվել համաձայնություն դիվանագիտական գրասենյակ հիմնելու մասին:

Մեկ այլ կարգավորում վերաբերում է դիվանագետ ամուսինների աշխատավարձերին: Ըստ նախկինում գործող կարգավորման՝ դիվանագետ ամուսինները, երբ գործուղվում են օտարերկրյա պետություն ծառայության, նրանցից մեկը ստանում է աշխատավարձի ընդամենը 50 տոկոսը: Միրզոյանի խոսքով՝ սա ևս վաղուց իրեն սպառած և աբսուրդ կարգավորում է, քանի որ երկու դիվանագետն էլ իրականացնում են 100 տոկոսով ծառայություն, ուստի պետք է վճարվեն 100 տոկոսով։

Leave a comment