Պեկինը հաստատել է՝ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պետական ​​այց կկատարի Չինաստան

Քաղաքականություն

11.05.2026 | 13:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 15-ը պետական ​​այց կկատարի Չինաստան՝ նախագահ Սի Ցզինպինի հրավերով, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, գրում է South China Morning Post-ը։

Սա կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Չինաստան գրեթե ինը տարվա ընթացքում և տեղի կունենա երկու երկրների միջև մի շարք հարցերի շուրջ լարվածության աճի ժամանակաշրջանում։ Այն նաև համընկնում է ԱՄՆ-Իրան փխրուն հրադադարի և Հորմուզի նեղուցի շրջափակման հետ, ինչը բարձրացնում է էներգակիրների գները և ծանրաբեռնում համաշխարհային տնտեսությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտարարել էր, որ Թրամփը չորեքշաբթի երեկոյան կժամանի Պեկին, ինչը նա նկարագրել է որպես «հսկայական խորհրդանշական այց»։ Նախատեսվում է Թրամփի հանդիպումը նախագահ Սի Ցզինպինի հետ, որին կհաջորդի այցելություն Երկնքի տաճար և պետական ​​ճաշկերույթ։

Երկու կողմերն էլ կիրակի հայտարարել են, որ Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը մայիսի 12-ին և 13-ին կմեկնի Հարավային Կորեա՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ առևտրային բանակցությունների համար, որը Թրամփի այցից առաջ բանակցությունների վերջին փուլն է։

Բանակցությունները «կուղղորդվեն երկու պետությունների ղեկավարների միջև Բուսանում կայացած հանդիպման և նախորդ հեռախոսազրույցների ժամանակ ձեռք բերված կարևոր կոնսենսուսի հիման վրա» և կքննարկեն «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և առևտրային հարցեր», ասվում է Չինաստանի Առևտրի նախարարության հայտարարության մեջ։

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտրի և տեխնոլոգիաների շուրջ լարվածությունը կրկին սրվել է վերջին մի քանի օրերի ընթացքում՝ Սի Ցզինպինի և Թրամփի հանդիպման նախօրեին, իսկ Պեկինի և Թեհրանի միջև կապերը դարձել են կենտրոնական թեմա՝ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-Իսրայել հակամարտության պատճառով, որը ձգվում  է ավելի քան երկու ամիս։

Անցած ուրբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել մայրցամաքային Չինաստանի և Հոնկոնգի ինը ընկերությունների ու անհատների նկատմամբ՝ նրանց մեղադրելով Իրանի զինված ուժերին օգնելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment