Վաշինգտոնը չի պատրաստվում զիջումների գնալ Թեհրանի հետ բանակցություններում․ իսրայելական լրատվամիջոցները հայտնում են նոր լարվածության մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին, որ Վաշինգտոնը չի գնա փոխզիջման Իրանի հարստացված ուրանի հարցում։ Այս մասին հայտնում է Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելում ուշադիր հետևում են Թրամփի սպասվող որոշմանը՝ կապված Թեհրանի հետ բանակցությունների ընթացքի հետ։ Վերջին քննարկումների ժամանակ իսրայելական բանակի և հետախուզության ներկայացուցիչները Նեթանյահուին ներկայացրել են Իրանի նկատմամբ ավելի կոշտ մոտեցումներ։
Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ) կարծում են, որ Իրանի ռազմական հնարավորությունների ներկայիս վիճակը «գործողությունների իրական հնարավորություն» է՝ հարվածները վերսկսելու և «առաքելությունն ավարտին հասցնելու» համար։
Միևնույն ժամանակ, Մոսադում համոզված են, որ նոր պատերազմը կարող է արագացնել իրանական իշխանության անկումը։
Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքի աղբյուրը, Իսրայելի ղեկավարությունը փորձում է չստեղծել տպավորություն, թե ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա՝ ռազմական սրացման հասնելու նպատակով։