Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանում
2026թ․-ի մայիսի 11-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի քաղաքապետարանի
ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում կկայանա իսլանդացի ճանաչված արվեստագետ
Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի
բացման հանդիսավոր արարողությունը, որին ընդառաջ այսօր՝ մայիսի 8-ին, տեղի ունեցավ
մամուլի ասուլիս։ «Ժամանակի արտացոլանքը» լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված են
23 արվեստի գործ։
«Ռոզա Գիսլադոտիրն
իր ամուսնու՝ Իսլանդիայի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոկտոր-պրոֆեսոր Թարհալուր
Էյթորսոնի հետ, առաջին անգամ այցելել է Հայաստան
2014թ․-ին՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հրավերով։ Այսօր պատիվ ունենք
Արդի Արվեստի Կենտրոնում կազմակերպելո և ներկայացնել անվանի արվեստագետի առաջին անհատական
ցուցահանդեսն, որը կարևոր իրադարձություն է ո՛չ միայն մեր թանգարանի, այլև՝ Հայաստանի
համար։
Միևնույն ժամանակ և վստահաբար ցանկանում եմ նշել, որ այս նախագծի իրականացմամբ
տարածաշրջանում առաջին անգամ է ներկայացվում իսլանդական արվեստը։ «Ժամանակի արտացոլանքը»
ցուցադրությամբ իրենց ուրույն մշակույթով հայտնի երկու պետության համագործակցության
սկիզբն է դրվում Երևանում։
Անվանի արվեստագետն, առաջին անգամ, իր աշխատանքներից հինգը
նվիրաբերում է Արդի Արվեստի Կենտրոնին, այդպիսով՝ Երևան քաղաքին։ Մեծադիր քանդակները
կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոց հատվածում՝ «Արվեստի խաչմերուկում», համալրելով
Արդի Արվեստի Կենտրոնի հավաքածուն»,- ասուլիսի ժամանակ ասաց «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների Երկխոսություն» կազմակերպության հիմնադիր
նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը
(Ա․Մ․)։
Ռոզա Գիսլադոտիրը
միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են
հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն»
և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։
«Ուրախ եմ նորից վերադառնալ
Հայաստան, իսկ այս ցուցահանդեսը կազմակերպելու որոշումը դեռևս երկու տարի առաջ եղավ,
երբ եկել էի այստեղ, երբ տեսա այս կենտրոնը և միանգամից պատկերացրի իմ ցուցահանդեսն
այստեղ։ Ցուցահանդեսի խորագրի փիլիոփայությունն այն է, որ մարդիկ կանգ առնեն ու մի
պահ մտածեն, թե ինչպես են շարժվելու առաջ։ Շոշափվում է նաև շրջակա միջավայրի թեման,
ես օգտագործել եմ նաև պլաստիկ և թափոններ, կան աշխատանքներ, որոնք մտածելու տեղի են
տալիս, թե որտեղից ենք գալիս և ուր ենք
գնում»,- նշեց Ռոզա Գիսլադոտիրին։
Իսլանդացի անվանի արվեստագետի
«Ժամանակի արտացոլանքն» առաջին անհատական ցուցահանդեսի իրականացմանն իրենց աջակցությունն
են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության
պատվավոր հյուպատոսությունը։
«Այս նախագիծը փաստում է, որ մեր գործունեությունը խթանում է
երկու երկրների միջև ոչ միայն տնտեսական, այլև նաև մշակութային համագործակցությունը։
Մենք աջակցել ենք մեր հնարավորության սահմաններում, իրականություն դառնա ցուցադրությունը»,-նշեց
Հայաստնի Հանրապետությունում Իսլանդիայի Հանապետության պատվո հյուպատոս Լևոն Հայրապետյանը։
Իսլանդացի արվեստագետն
իր աշխատանքներում համադրում է քաղաքական և փիլիսոփայական մոտիվներ, անդրադառնալով
ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական, մշակութային և բնապահպանական մարտահրավերներին։ Իսլանդացի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական
ցուցահանդեսը Հայաստանում՝ տարածաշրջանում միավորում է արվեստային և կրթական բաղադրիչներ,
նպաստելով արվեստասեր հանրության և հասարակության տարբեր լսարանների ներգրավմանն՝ արդի
արվեստի հանրահռչակմանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․-ի օգոստոսի 11-ը։
Արմինե Բրսոյան