Հեռու չէ Եռատոնը կրկին լիարժեք դարձնելու օրը՝ նաև մեր սերնդի մասնակցությամբ․ Ռուբինա Պետրոսյան

Ռուբինա Պետրոսյանի գրառումը․

«Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը մայիսի 9-ը ողջ հայության համար եռատոն հաղթանակների օր էր, Հպարտության օր. նշում էինք Հայրենական մեծ պատերազմում (1941-1945թթ.) նաև մեր ժողովրդի մասնակցությամբ տարած հաղթանակը և Արցախի ազատագրումը ադրբեջանական բռնատիրությունից (1994թ.), որի խորհրդանիշն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը 1992-ի մայիսի 9-ին:

Արդեն հինգ տարի է՝ մայիսի 9-ին մեր զգացմունքները միանշանակ չեն. հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռքբերված արցախյան հաղթանակներից մնացել են միայն հուշերը, այդ հաղթանակները կերտած սերնդի նոսրացող շարքերը և Արցախի Հանրապետության՝ Բաքվի բանտերում պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բայց էլ ավելի ծանր է, երբ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» պատրանքով փորձ է արվում արժեզրկել մեր բոլոր հաղթանակները, խեղաթյուրել դրանց մասին տասնամյակներով ձևավորված պատկերացումները:

Մեզ բաժին է ընկել կրկնակի փորձություն հաղթահարելու առաքելությունը: Հեշտ չի լինելու, բայց հավատում եմ, որ հեռու չէ Եռատոնը կրկին լիարժեք դարձնելու օրը, և դա լինելու է նաև մեր սերնդի գործուն մասնակցությամբ:

Ուրեմն շնորհավոր մայիսյան Եռատոնը:

Leave a comment