Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրները ներկայացնող ակտիվիստն ազատազրկման է դատապարտվել

Քաղաքականություն

07.05.2026 | 23:06

Ադրբեջանում հասարակական ակտիվիստ Հաջի Վելիևը, որը լուծարված «Երիտասարդ վետերաններ»  միության նախագահն է, դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանի որոշմամբ՝ Հաջի Վելիևին առաջադրված գույքի դիտավորյալ ոչնչացման մեղադրանքը հանվել է։ Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 221.3 հոդվածով՝ զենքի օգտագործմամբ խուլիգանության մեջ։

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Հաջի Վելիևը հրապարակայնորեն լուսաբանում էր պատերազմից հետո առողջությունը կորցրած զինծառայողների և զոհվածների ընտանիքների խնդիրները։

2025 թվականի մարտի 18-ին նա հրապարակել էր ոստիկանության կողմից պատերազմի մասնակիցների փողոցային առևտրին միջամտելու տեսագրությունը։ Մի քանի օր անց՝ մարտի 31-ին, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին երկրորդ կարգի հաշմանդամ Վելիևին։

Նա հայտարարել էր, որ հունիսի 21-ին հացադուլ է սկսել՝ «դատարանի անարդար որոշման» դեմ բողոքելու համար, սակայն ավելի ուշ դադարեցրել է այն։ Նա հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները և պնդում, որ ձերբակալվել է վետերանների նկատմամբ չարաշահումների մասին տեղեկատվություն տարածելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment