Թրամփը շտապում է փակել Իրանի հետ հակամարտությունը մինչև Չինաստան այցը․ ինչից է վախենում Վաշինգտոնը

Վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է հնարավորինս արագ ավարտել Իրանի հետ դիմակայությունը մինչև հաջորդ շաբաթ նախատեսված Պեկինի գագաթնաժողովը, որպեսզի Չինաստանի հետ բանակցություններում պահպանի Վաշինգտոնի առավելագույն ճնշման հնարավորությունները։

Ըստ գնահատականների՝ Պեկինում նախատեսված հանդիպումը Թրամփի համար դարձել է «ռազմավարական մենամարտ» Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ ԱՄՆ նախագահը չի ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել այն պայմաններում, երբ Իրանի հետ պատերազմը մեծ ծախսեր է առաջացրել, իսկ Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը սպառնում է համաշխարհային էներգետիկ շուկային։

Վերլուծաբանները նշում են, որ նման իրավիճակում առավելությունը կարող է անցնել Չինաստանին, որը կփորձի օգտվել էներգետիկ կայունության հարցից և ԱՄՆ-ից նոր զիջումներ կորզել։

Հաղորդվում է, որ Թրամփը ցանկանում է դեռևս Պեկին հասնելուց առաջ ցույց տալ, թե վերահսկում է իրանական ճգնաժամը, որպեսզի ավելի կոշտ դիրքերից բանակցի առևտրի և տեխնոլոգիաների հարցերով։

Միևնույն ժամանակ, շարունակվող պատերազմի պայմաններում Պեկինի գագաթնաժողովին մասնակցությունը, ըստ փորձագետների, ԱՄՆ-ին կարող է ներկայացնել որպես թույլ և խոցելի կողմ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment