Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բանակը «լռության ռեժիմը» խախտել է 1820 անգամ

Քաղաքականություն

06.05.2026 | 16:44

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ռուսական կողմը խախտել է հրադադարը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա հիշեցրել է «երեկվա դաժան հարձակումները» Դնեպրի, Զապորոժիեի, Կրամատորսկի և Ուկրաինայի այլ քաղաքների ու համայնքների վրա՝ հավելելով, որ «այս գիշեր և առավոտյան գրանցվել է ավելի քան 20 ավիահարված՝ շուրջ 70 ռումբի օգտագործմամբ»։

«Ընդհանուր առմամբ, առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ՝ ռուսական բանակը լռության ռեժիմը խախտել է 1820 անգամ՝ հրետակոծություններ, հարձակման փորձեր, ավիահարվածներ և անօդաչու թռչող սարքերի օգտագործում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա հիշեցրել է՝ Կիևն ի սկզբանե հայտարարել էր, որ կգործի «հայելային» ձևով։

«Մեր զինվորականների և հետախուզության երեկոյան զեկույցների հիման վրա մենք կորոշենք հետագա գործողությունները»,- եզրափակել է Զելենսկին։

Առավոտյան հաղորդագրության մեջ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդել էր, որ ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment