Գյումրին վերածնվեց. հպարտ էի լինել ձեր կողքին. Էմանուել Մակրոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած մեծ համերգի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բեմ հրավիրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ-ֆրանսիական հարաբերություններում։

«Այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ Էմանուել Մակրոնին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Բեմ բարձրանալով՝ Ֆրանսիայի նախագահը նախ հայերենով ողջունեց ներկաներին, ապա իր երախտագիտությունը հայտնեց վարչապետին, նվագախմբին, արտիստներին և հրապարակում հավաքված բազմությանը։

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ՝ այն ջերմ ընդունելության համար, որ ինձ արժանացրիք Երևանում և այստեղ՝ Գյումրիում, և իմ ողջ պատվիրակությանը»,- նշեց նախագահ Մակրոնը։

Իր ելույթում Մակրոնն անդրադարձավ Գյումրիի համար ամենածանր ժամանակաշրջանին՝ Սպիտակի կործանարար երկրաշարժին և դրան հաջորդած ֆրանսիական աջակցությանը։

«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, երբ ամբողջ քաղաքը քարացավ, և աշխարհը կանգնեց ոտքի քեզ համար, Հայաստա՛ն։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, փրկարարներ եկան ձեզ օգնության»,- վերհիշեց Ֆրանսիայի ղեկավարը։

Նա ընդգծեց, որ դժվարություններին հաջորդել է քաղաքի վերածնունդը․

«Եվ Գյումրին վերածնվեց։ Դժոխքից և ձմեռվանից հետո նոր գարուններ եկան»։

Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ քաջատեղյակ է այն մարտահրավերներին, որոնց միջով Հայաստանն անցել է վերջին տարիներին, սակայն լավատեսորեն է տրամադրված երկրի ապագայի հանդեպ.

«Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում՝ խաղաղությամբ, կայունությամբ՝ Եվրոպայի կողքին»։

Մակրոնը հավաստիացրեց, որ Ֆրանսիան մշտապես կանգնած է եղել և կշարունակի կանգնած մնալ Հայաստանի կողքին՝ թե՛ անցյալի դժվարին պահերին, թե՛ այսօր, թե՛ ապագայում։

«Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա՝ ձեր կողքին»։

Leave a comment