«Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»․ ռուսական եթերում հնչած պնդումը կեղծ է, չի հաստատվում թվերով

Ռուսաստանի Առաջին ալիքի «Большая игра» («Մեծ խաղ») հաղորդաշարը մայիսի 4-ի թողարկմամբ անդրադարձել է Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Հաղորդման վարող՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը, անդրադառնալով Հայաստան-Եվրոպա գործընկերության հնարավորությանը, նշել է․

«Պետք է հասկանալ, որ եվրոպական համայնքը պարզապես գործիք է այս կամ այն պետությունը հակառուսական գործիք դարձնելու համար (14։31-14։39 րոպե)․․․ այդպիսի գործընկերությունից ոչ մի օգուտ չի լինում և չի էլ կարող լինել, որովհետև Երևանի տնտեսական կապերը Մոսկվայի հետ բացարձակապես անհամադրելի են ՀՀ-Եվրոպա կապերի հետ։ ․․․ (15։03-15։14 րոպե)»։

Այս գնահատականների ավարտին նա նախ շեշտել է․«Ռուսաստանում ապրում են շատ ավելի մեծ թվով հայեր, քան հենց Հայաստանում», ապա եզրահանգել՝ վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով «իրավիճակը Փաշինյանի համար կարող է լինել բավականին ողբալի» (15։18-15։28 րոպե)։

Ի՞նչ է ցույց տալիս ՌԴ վիճակագրությունը 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորի՝ Ռուսաստանում ապրող հայերի թվի մասին պնդումը և արձանագրել․ պաշտոնական տվյալներով պաշտոնյայի պնդումը չի հաստատվում։

Ռուսաստանում բնակվող քաղաքացիների ազգային պատկանելիությանը վերաբերող հիմնական վիճակագրությունը հիմնված է մարդահամարների արդյունքների վրա։ Վերջին և ամենաթարմ մարդահամարը այդ երկրում անցկացվել է 2020-2021 թվականներին և հրապարակվել 2022 թվականին։ «Բնակչության ազգային կազմը» բաժնում ներկայացված են այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ ՌԴ-ում ապրող հայերի թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 947 000 մարդ (մոտ 510 000 տղամարդ և 435 000 կին)։ 


Թե որքանո՞վ է փոփոխվել այս ցուցանիշը տարբեր հանգամանքների, մասնավորապես՝ 2022-ից մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, հնարավոր կլինի գնահատել միայն հաջորդ մարդահամարի արդյունքներով։

Ի՞նչ է ցույց տալիս ՀՀ վիճակագրությունը

Ինչ վերաբերում է Հայաստանի բնակչության ցուցանիշին, ապա համադրել ենք Հայաստանում անցկացված վերջին՝ 2022 թվականի մարդահամարի տվյալները։

2022 թվականի դրությամբ ՀՀ բնակչության թիվը կազմել է շուրջ 2 933 000 մարդ, որից 2 876 000-ը՝ հայեր։ Մոտ 57 000-ը ներկայացնում են թվով 9 ազգային փոքրամասնություններ։

Տնտեսական գնահատականներ՝ հաղորդման բանախոսի կողմից

Նույն հաղորդման ընթացքում բանախոսներից մեկը՝ քաղաքագետ, արևելագետ Ֆահրադ Իբրահիմովը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, շեշտել էր․

«Երևանում ակնհայտ է, որ պետք է հասկանան, որ բոլոր տնտեսական բարիքները և բոլոր տնտեսական հնարավորությունները նախ ԵԱՏՄ-ի և ռուսական գործոնի շնորհիվ են (13։35-13։47րոպե)»։

Ասվածի հիմնավորման ապացույցների թվում վերջինս մատնանշել է՝ վերոնշյալը
«արտացոլում են առևտրաշրջանառության (հեղ․՝ նկատի ունի Հայաստան-ՌԴ առևտուրը) թվերը․․․»։

ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը՝ նվազման միտումով 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրում նախ աճել է, ապա վերջին մեկ տարվա ընթացքում՝ էականորեն նվազել։ 

2018 թվականին ՀՀ-ՌԴ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր արտաքին առևտրի 26.1%-ը։ 2024 թվականին գրանցվել է առավելագույն ցուցանիշը՝ 41.1%։ 2025 թվականին այն կազմել է մոտ 35.8%։

Տոկոսային ցուցանիշին զուգահեռ նվազել է նաև ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ծավալը՝ դոլարային արտահայտությամբ․ 2024 թվականին գրանցված 12.4 մլրդ դոլարի փոխարեն 2025 թվականին այն կազմել է 7.6 մլրդ դոլար։

Այսպիսով, ՌԴ պետական պաշտոնյայի՝ Ռուսաստանում ապրող հայերի թվի վերաբերյալ պնդումը սխալ է և չի համապատասխանում պաշտոնական տվյալներին․ այդ երկրում բնակվող հայերի թիվը մոտ 3 անգամ զիջում է ՀՀ բնակչությանը։ Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա առնվազն վերջին տարում նկատելի են ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ցուցանիշի նվազման միտումներ՝ թե՛ տոկոսային, թե՛ գումարային տեսքով։

Հ․Գ․ ՌԴ-ում ապրող հայերի՝ ՀՀ բնակչության թվից մեծ լինելու մասին պնդումներ ռուս պաշտոնյաները նախկինում էլ են արել։ 2024 թվականին FIP.am-ը հերքել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համանման սխալ պնդումը։ Սակայն դա չի խանգարել, որ ռուս պաշտոնյաները շարունակեն պարբերաբար ապատեղեկատվություն տարածել՝ հայերի համար զգայուն այս թեմայով։ 

 Գայանե Մարկոսյան

The post «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»․ ռուսական եթերում հնչած պնդումը կեղծ է, չի հաստատվում թվերով appeared first on FIP.AM.

Leave a comment