Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի


Մայիսի 1-ին Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։ 


ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչները, դեռևս չպարզված շարժառիթով, ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։


«Պարզվեց նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում` տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։


Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմում են փախուստի։


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեք անձ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։


Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ5

Leave a comment