Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ՝ Հայոց պատմությունը կեղծելու և մեր ժողովրդի ապրած կյանքը պղծելու ճանապարհով։ Մեր ժողովրդին համոզել են, մեր իսկ քաղաքական էլիտաները, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, որ հնարավոր է Հայաստանը տանել դեպի Արևմուտք, նույնիսկ այն պայմաններում, երբ Արևմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի, և ահա արդյունքում մեր ժողովրդի մի մասը, իմ կարծիքով մեծ մասը, հավատացել է, որ հնարավոր է խաղալ 2 լարի վրա, որ հնարավոր է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որ հնարավոր է գնալ Եվրամիություն։ Եվ այսօր արդեն, երբ հասարակության մի մեծ մասը այդպես է մտածում, Արևմուտքը շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ Հայաստանին փորձելով դարձնել աշխարհաքաղաքական գործիք՝ Արևմուտքի շահերը սպասարկելու հարցում, այնպես ինչպես դա արեցին Վրաստանի դեպքում, Ուկրաինայի դեպքում։ Բայց ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ հիմա էլ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները չեն հասկանում, որ այս ճանապարհով Հայաստանը տանում են դեպի կործանում, շարունակում են խաբել ժողովրդին։ Շատերը շարունակում են գլուխ գովել, որ իրենց ժամանակ էլ է Ֆրանսիայի նախագահը եկել Հայաստան, որ իրենց ժամանակ է դրվել հայ-եվրոպական հարաբերությունների այն հիմքը, որի արդյունքում այսօր Հայաստանը գնում է իբր թե դեպի Եվրամիություն։ Փոխանակ ամաչեն իրենց գործունեության համար, փոխանակ ամաչեն, որ հատկապես 2007 թվականին Պուտինի Մյունխենի ելույթից հետո չեն հասկացել, որ պետք է կտրեն, խզեն կապերը Եվրոպայի հետ և կանգնեն Ռուսաստանի կողքին, որպեսզի կարողանան պահպանել Արցախը և Հայաստանի Հանրապետությունը, դեռ մի բան էլ գլուխ են գովում և շարունակում են պնդել, որ իրենք շարունակելու են եվրոպական իրական արժեքներ տարածել Հայաստանում։ Եվրոպական իրական արժեքները մեկն են՝ ծառայեցնել և օգտագործել բոլոր ազգերին և պետություններին հանուն Եվրոպայի մի քանի հզոր պետությունների շահերի։ Այսքանը չհասկացող մարդիկ կամ տգետ են, կամ արևմտյան գործակալ են, կամ ընդհանրապես իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։