Ամենահաճելի արձագանքը 65+ տարեկաններից է. 500 հազար դրամ արժեցող վիրահատությունը՝ անվճար. Դավիթ Տոնոյանը՝ առողջության ապահովագրության մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամենահաճելի արձագանքը 65+ մարդկանցից է, որ հարցնում են «սովետական» ձևով՝ ի՞նչ կնստի մեր վրա, ասում եմ՝ ոչ մի բան, դուք ապահովագրություն ունեք, պետությունը ձեր փոխարեն վճարում է, կգաք, կվիրահատվեք, կգնաք տուն: Իրենք ռեալ ուրախանում են, պաշտպանվածության զգացում ունենում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ-ուրոլոգ,անդրոլոգ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով արդեն մեկ ամիս գործարկված առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին և դրա՝ արդեն իսկ գրանցած արդյունքներին:
Բժիշկ Տոնոյանի խոսքով, 65+ տարիքի անձանց շրջանում ի թիվս տարատեսակ միջամտությունների, ամենաանհրաժեշտը շագանակագեղձի բարորակ գերաճի վիրահատությունն է.«Սա այն վիրահատությունն է, որ առաջ շատ մարդիկ իրենց չէին կարողանում թույլ տալ, մինչդեռ այս խնդիրը 65+ մարդկանց մոտ հենց ամենախնդրահարույցներից է, իսկ այժմ այդ վիրահատությունը հնարավոր է անվճար կատարել»:
Դավիթ Տոնոյանն ասաց, որ այս վիրահատությունն արժե 500 հազար դրամ՝ չհաշված հետվիրահատական շրջանում ձեռք բերվող դեղորայքը, սնունդը:
Նա նշեց, որ իր այցելուների մեջ գերակշռում են երևանաբնակները, առողջության ապահովագրության ներդրումից հետո նա նկատում է հիվանդների թվի և վիրահատությունների մեծ աճ: Այսօր օրինակ գրառմամբ հայտնել էր՝ առողջության ապահովագրության շրջանակում կատարել են 5 վիրահատություն:
Բժիշկ Տոնոյանը չհամաձայնեց տեսակետի հետ, որ առողջության ապահովագրության համակարգում ընթացակարգերը բարդացված են.«Օրինակ բերեմ՝ ես առավոտը տեղեկանք եմ տվել հիվանդիս, ինքը գնացել է պոլիկլինիկա, ուղեգիրը «կախել են», 1.5 ժամից իրեն պետք է վիրահատեինք. մոտ 170 հազար դրամանոց վիրահատությունն ամբողջովին ապահովագրությամբ կատարվելու է: Բարդությունը ո՞րն է, եթե մարդը խնայում է 170 հազար դրամ, ընդամենը տեղեկանք տանելով պոլիկիլինիկա ու հետ գալով հիվանդանոց»:
Նա գործընթացը արդարացված համարեց.«Եթե նույնիսկ մարդը պետք է այդ վիահատությանը 3-4 շաբաթ սպասի, ինքն առաջ չէր կարողանում այս վիրահատությունն իրեն թույլ տալ: Հիմա ամիս կամ ամիսուկես թող համբերի, բայց այդքան էլ չի տևում սպասելը, հիվանդ ունեմ, հերթում 5-6 ժամ է համբերել, կներեք, բայց դա նորմալ է չէ՞, ինձ թվում է»: