Առաջարկվում է ընդլայնել խնամատարության հնարավորությունները պետական ծառայողների համար. նախագիծ


Կառավարության հեղինակած ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում են կարևոր փոփոխություններ երկու հիմնական ուղղություններով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:


 


Փոփոխությունների փաթեթը մայիսի 5-ին գումարված ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:


 


Փոխնախարարի խոսքով օրենսդրական փաթեթով առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը: Նշվում է, որ դեռևս 2023 թվականին կատարված փոփոխություններով Աշխատանքային օրենսգրքից հանվել է տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը: Արդյունքում, 2023 թվականի հուլիսի 30-ից սկսած աշխատանքային հարաբերություններն այլևս չեն կարող դադարեցվել աշխատողի տարիքի հիմքով:


 


Միևնույն ժամանակ, մի շարք ոլորտային օրենքներում դեռևս պահպանվել էին տարիքային շեմի սահմանափակումներ: Ներկայացված նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել հետևյալ՝ «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքներում:


 


Փոփոխությունների արդյունքում տարիքով պայմանավորված սահմանափակումները կհանվեն, և աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմք կարող են լինել միայն մասնագիտական կարողությունները, կատարողականը և աշխատանքի արդյունավետությունը:


 


Լուսինե Քոչարյանն ընդգծել է, որ նախաձեռնության հիմքում դրված է նաև «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը», որով նախատեսվում է ապահովել ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերություն՝ ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում և նրանց ներուժի լիարժեք իրացմամբ:


 


Երկրորդ ուղղությամբ, ըստ զեկուցողի, նախագծերի փաթեթով նախատեսվում է հնարավորություն ստեղծել պետական աշխատողների որոշակի խմբերի համար դառնալ խնամատար ծնող և դրա համար ստանալ համապատասխան վարձատրություն, եթե այլ օրենքով կամ Սահմանադրությամբ նման սահմանափակում նախատեսված չէ:


 


Նշվում է, որ երեխայի՝ ընտանիքում մեծանալու այլընտրանքային հիմնական ձևը խնամատարությունն է, և առաջարկվող փոփոխություններով պետական ծառայողները եւս չեն ունենա խնամատար ծնող դառնալու իրավական սահմանափակում:


 


Առաջարկվող փոփոխությունները միտված են ձևավորել ոչ խտրական և իրավունքահեն աշխատանքային միջավայր, ինչպես նաև համապատասխանեցնել օրենսդրությունը ներկայիս ժողովրդագրական իրավիճակին:


 


ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գայանե Եղիազարյանը:

Դիտումների քանակ3

Leave a comment