Հայաստանն ու ԵՄ-ն հռչակագիր են ընդունել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքներով

Բաժանորդագրվել

Հռչակագիրը բաղկացած է 44 կետից, որոնք վերաբերում են համագործակցության տարբեր ոլորտներին։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ հռչակագիր են ընդունել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքներով: Ընդհանուր առմամբ, հռչակագիրը բաղկացած է 44 կետից, որոնցից առանձնացրել ենք կարևոր կետերը․

Կողմերը բարձր են գնահատում խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Բարձր են գնահատվում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները և խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։

«Եվրոպական միությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, ինչը հիմնված կլինի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք բարձր ենք գնահատում ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համատեքստում»,- նշված է տեքստում։

Ըստ հռչակագրի՝ «գլոբալ դարպասներ» ռազմավարական ծրագրի շրջանակներում ակնկալվում է, որ ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2,5 մլրդ եվրոյի:
ԵՄ-ն ողջունում է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային կապերի ընդլայնմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները և վերահաստատում է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

«Այս ընդհանուր տեսլականը նպաստում է խաղաղության, կայունության և փոխկապակցվածության ամրապնդմանը Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում՝ միաժամանակ ամրապնդելով մարդկանց միջև կապերը: Այս համատեքստում TRIPP-ն առանցքային նախագիծ է, որը նպաստում է կայուն, անվտանգ տարածաշրջանային փոխկապակցմանը»,- ասվում է հռչակագրում։

ԵՄ-ն վերահաստատում է միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հանձնառությունը: Հայաստանը ողջունում է ԵՄ աջակցությունը մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը համապատասխան Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման գործում:
Կողմերը ողջունում են 2024 թվականին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության զգալի առաջընթացը, որը, ինչպես ակնկալվում է, կբարձրացնի շարժունակությունը, կնպաստի մարդկանց միջև ավելի սերտ շփումներին և կամրապնդի Եվրոպական միության և Հայաստանի միջև տնտեսական կապերը:

Հայաստանն ու ԵՄ-ն կարևորում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը, ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ կատարումը:

Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ: Այս առումով ԵՄ-ն և Հայաստանը պարտավորվում են հետագայում զարգացնել, խորացնել և ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Երևանը և Բրյուսելը ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև զարգացող համագործակցությունը Հայաստանի ժողովրդավարական կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա մանիպուլյացիաների դեմ պայքարում, ինչպես նաև միջամտությունների և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խարխլելու փորձերի գործում: Նշվում է, որ այս երկկողմ համագործակցության մեջ կարևոր ներդրում է դարձել հիբրիդային հարցերով ԵՄ արագ արձագանքման խմբի ծավալումը:
Կողմերը վճռական են շարունակելու սերտ համագործակցությունը ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու հարցում:

Ավելի վաղ գագաթաժողովի արդյունքներով Երևանում Հայաստանը և Եվրոպական Միությունը տորագրել են երկու փաստաթուղթ։

Leave a comment