Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են անում․ օրակարգում էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության հարցն է

Հասարակություն

05.05.2026 | 12:34

Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են անում՝ Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ ընտրելու օրակարգով։ Միակ թեկնածուն Արդարաատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտա Ամյանն է, որին առաջադրել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, փաստաբան Հարություն Հարությունանը, որն ամիսներ առաջ էր ընտրվել, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որպես հրաժարականի պատճառ Հարությունյանը նշել է Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ փաստաբանները, որոնք կընտրվեն հանձնաժողովի անդամ, այլևս իրավունք չեն ունենա հանձնաժողովում պաշտոնավարման ընթացքում փաստաբանական գործունեությամբ զբաղվել։ Հարությունյանը հրաժարականից օրեր անց հայտարարել է նաև կուսակցություն ստեղծելու մասին և այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով մասնակցում է ԱԺ ընտրություններին։

Նշենք, որ Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամները նաև պետք է բարեվարքության ստուգում անցնեն, սակայն առաջադրված թեկնածուն՝ Մարգարիտա Ամյանը, ստուգում չի անցել․ այն ժամանակ, երբ մրցույթը հայտարարվել է, օրենքի փոփոխությունները դեռևս ուժի մեջ մտած չեն եղել, և նա առաջադրվել է՝ առանց բարեվարքության ստուգման։

Արաքս Մամուլյան

Leave a comment