Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Քաղաքականություն

04.05.2026 | 18:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը ողջունել է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում։

Ջևդեթ Յըլմազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի Հանրապետության անունից՝ Թուրքիա -Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։

Leave a comment