Իրանի ռազմական ղեկավարությունը խիստ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Հորմուզի նեղուցում ամերիկյան հնարավոր գործողությունների հետ։
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահը նշել է, որ ցանկացած օտարերկրյա զինված ուժ, որը կփորձի մոտենալ նեղուցին կամ մուտք գործել այնտեղ, կդիտարկվի որպես օրինական թիրախ։
Նրա խոսքով՝ Իրանը լիարժեք վերահսկում է նեղուցի անվտանգությունը և շարունակում է ապահովել այն բոլոր անհրաժեշտ միջոցներով։
«Մենք կոչ ենք անում բոլոր առևտրային նավերին և նավթային տանկերներին զերծ մնալ Հորմուզի նեղուցով անցնելուց առանց այնտեղ տեղակայված զինված ուժերի հետ համակարգման, որպեսզի չվտանգվի նրանց անվտանգությունը»,-ընդգծել է նա։
Ի դեպ, հավելենք, որ հայտարարությունը հնչում է տարածաշրջանում աճող լարվածության և նավագնացության անվտանգության շուրջ մտահոգությունների ֆոնին։