Խուդաթյանը մանրամասներ ներկայացրեց «Հյուսիս-hարավ» ճանապարհի շինարարության ընթացքից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության շրջանակներում ամբողջությամբ ավարտվել են դեպի Գյումրի տանող հատվածի շինարարական աշխատանքները։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Այդ հատվածում առաջիկա օրերին կավարտվեն նաև լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները։ Ցանցը, որպես այդպիսին, արդեն անցկացված է, հիմա միացումները կլինեն, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կհանձնվի շահագործման»,-ասաց Խուդաթյանը։   

Նրա տեղեկատվությամբ՝ հարավային հատվածում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես՝ Քաջարան-Ագարակ հատվածում ներկա պահին կատարողականը կազմում է ավելի քան 40 տոկոս։

«Այս պահին այդ շինարարությունը համարվում է Հայաստանում ամենամեծը, և 2025 թվականի ընթացքում մենք այնտեղ միջինը օրական շուրջ 65 միլիոն դրամի իրականացված աշխատանք ենք ունեցել, շուրջ 700 աշխատակից է այնտեղ աշխատել և ավելի քան 240 միավոր տեխնիկա»,- մանրամասնեց նախարարը։

Ըստ Խուդաթյանի՝ նշված հատվածում արդեն ավարտվել են 2 թունելներից մեկի փորման աշխատանքները, իսկ մյուսինը կատարվել է զգալի չափով։  

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրանցից մեկը վերջին 30 տարում զրոյից փորված և ամենաերկար թունելն է համարվում Հայաստանում։

Այդ հատվածում նախատեսված է նաև 15 կամրջի շինարարություն, որոնցից 14-ի մասով ներկայում աշխատանքներ են իրականացվում։

Ամփոփվել է Քաջարանի թունելի կառուցման մրցույթը, իսկ առաջիկայում կկնքվի նաև համապատասխան պայմանագիրը։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև թունելին մոտեցող հատվածում։ Խուդաթյանի խոսքով՝ Քաջարանի թունելի բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թվականին։

Leave a comment