Թմրահանցագործության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 84 մարդ

Քննության վարկածով՝ ձերբակալված անձինք տարբեր մեթոդներով պարբերաբար իրացրել են թմրամիջոցներ։

Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ հերոին, կոկաին, մեթադոն, բուպրենորֆին և մարիխուանա։

Բացի թմրամիջոցներից, ոստիկանությունն առգրավել է նաև հրազեն և ռազմամթերք, թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ պարագաներ և, ենթադրաբար, իրացման արդյունքում ստացված գումար։

Ըստ ՆԳՆ-ի՝ կանխվել է նաև երկիր թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստ։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի, և անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 2500 հաբ «բուպրենորֆին» պարունակող դեղամիջոց։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (260-րդ, 261-րդ, 262-րդ և 236-րդ)` թմրամիջոցների ապօրինի պատրաստում, ձեռքբերում, պահում, իրացում և զենքի ապօրինի տիրապետում։

Հանցանքը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Leave a comment