Այս խորհրդանշական օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը․ ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։


 


Ուղերձում ասվում է․


 


«Սիրելի՛ հայրենակիցներ,


 


շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:


 


Այս խորհրդանշական օրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուրիս կյանքում և ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը։ 


 


Չնայած իրականացվող քայլերին՝ մեր երկրում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը, ինչպես նաև արդար և համարժեք վարձատրության երաշխավորումը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի դիմաց։


 


Պահպանվում են նաև խնդիրներ՝ կապված աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման հետ։ Անհրաժեշտ է առավել նպատակային քայլեր ձեռնարկել կանանց զբաղվածության խթանման ուղղությամբ։ 


 


Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական և մատչելի աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության երաշխավորման ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։


 


Պետության առանցքային պարտավորությունն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ կապահովվեն հավասարությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր անձ կունենա իր ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն։


 


Առաջնահերթ խնդիր է նաև գործադուլի իրավունքի երաշխավորումն ու այդ առումով առկա օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը:


 


Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողության գործիքները և բարձրացնել ինչպես աշխատողների, այնպես էլ՝ գործատուների իրազեկվածությունը։


 


Սիրելի՛ հայրենակիցներ,


 


Մաղթում եմ ձեզ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք՝ արժանապատիվ և անվտանգ պայմաններում՝ կարևորելով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում հետևողական և տեսանելի առաջընթացը»։ 


 

Դիտումների քանակ5

Leave a comment