Աղվերանում հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը


ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Այսօր Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը, հայտնում են ԱԳՆ-ից։


«2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը», – նշված է հաղորդագրության մեջ:


Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:


Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:


Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.


«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց»,


«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց»,


«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»:


Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ


Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։


Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։


Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։


Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ:


Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:


Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը:

Leave a comment