Իրանի նախագահը հանձնարարել է «արդար և հավասար» բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Քաղաքականություն

03.02.2026 | 11:34

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ բանակցել Միացյալ Նահանգների հետ, եթե դրանք տեղի ունենան հարգալից և ոչ սպառնալիքային միջավայրում։ Այս մասին Իրանի նախագահը գրել է X-ում։

«Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները՝ արձագանքելու Միացյալ Նահանգների նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, ես հանձնարարել եմ իմ արտաքին գործերի նախարարին, եթե ստեղծվի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից, հետապնդել արդար և հավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով»,- նշել է Իրանի նախագահը։

Նա հավելել է, որ այդ բանակցությունները պետք է ընթանան Թեհրանի ազգային շահերի շրջանակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, սպասվում է, կհանդիպեն ուրբաթ Ստամբուլում՝ քննարկելու հնարավոր միջուկային համաձայնագիրը։ Այս մասին հաղորդել էր Axios-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment