Ոստիկաններն ավտոհայելու ապակիների գողություններ կատարող պատանու են ձերբակալել. նախաձեռնվել է քրեական վարույթ


Մեքենայի հայելու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում։ Իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր՝ հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։


Բոլոր դեպքերով նախաձեռնվել է  քրեական վարույթ։


Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։


Ապրիլի 12-ին՝ առավոտյան ժամը 6:30-ին, Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց և այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։


Պատանին ընդունեց, որ հիշյալ ութ հափշտակությունները կատարել է ինքը, նաև հավելեց, որ այդ օրերին Աջափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս։


Ձեռնարկվում են միջոցներ՝ տուժած բոլոր մեքենայատերերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


Հանգամանքները պարզվում են։

Դիտումների քանակ8

Leave a comment