ԻՀՊԿ տելեգրամ ալիքները, հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում են, որ վերջին զարգացումները վկայում են, որ տարածաշրջանում կարող են ընթանալ նախապատրաստական գործողություններ՝ ուղղված Իրանի դեմ հնարավոր ցամաքային հարձակման իրականացմանը հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
Վերջին հակամարտության ընթացքում հարվածներ են հասցվել Իրանի հյուսիսային հատվածում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ Բանդար-Անզալիում, Պարսաբադ Մողանում և Թավրիզի օդանավակայանում։
Միաժամանակ հաղորդվում է, որ Ադրբեջանի թալիշական շրջաններում նկատվում է ուժերի կուտակում։ Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում Թուրքմենստանի մայրաքաղաքում ամերիկացի զինծառայողների ներկայության վերաբերյալ։
Ըստ որոշ գնահատականների՝ Իսրայելը կարող է փորձել կիրառել Սիրիայում իրագործված սցենարը՝ այն տեղափոխելով Իրանի դեմ գործողությունների դաշտ։
Նշվում է նաև, որ հնարավոր ռազմավարությունը ներառում է Իրանում տնտեսական խնդիրների խորացման և ներքին տարաձայնությունների սրման վրա հիմնվելը՝ որպես նախապատրաստական փուլ՝ ավելի լայնածավալ ցամաքային հարձակման համար, որը կարող է չսահմանափակվել միայն հյուսիս-արևմտյան ուղղությամբ։