Ռազմական ճգնաժամ Մալիում․ «Bayraktar»-ների բազան անցել է ապստամբների ձեռքը

Մալիում իրավիճակը կտրուկ սրվում է՝ հյուսիսային Քիդալ քաղաքի շուրջ զարգացումների ֆոնին, որտեղ ապստամբները հաստատել են լիակատար վերահսկողություն։

OSINT վերլուծաբանների տվյալներով՝ Քիդալում, որտեղ տեղակայված էր երկրում ռուսական խոշոր ռազմաբազաներից մեկը, զինյալները գրավել են «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանը։ Նշվում է, որ այս համակարգերը Մալի էին մատակարարվել դեռևս 2022 թվականին։

Հիշեցնենք, որ Մալիում ճգնաժամը սրվել է երեքշաբթի օրը՝ ռուսական կազմավորումների Քիդալից դուրս գալուց անմիջապես հետո։ Սա հնարավորություն է տվել ջիհադիստական խմբավորումներին և տուարեգ ապստամբներին վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքի նկատմամբ։ Նահանջին նախորդել էր երկրի տարբեր հատվածներում իրականացված համակարգված հարձակումների շարք, որի հետևանքով զոհվել է Մալիի պաշտպանության նախարարը, իսկ հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաքին մոտ գտնվող թիրախներին։

Վերջին տվյալներով՝ մալիական զորքերը, ռուս վարձկանները և քաղաքացիական վարչակազմը լքել են Քիդալը՝ տեղափոխվելով Գաո։ Միևնույն ժամանակ, խունտայի առաջնորդ գեներալ Ասիմի Գոյտան հարձակման սկզբից ի վեր չի երևացել հանրային դաշտում, ինչը նոր խոսակցություններ է առաջացրել իշխանության ներսում հնարավոր ճգնաժամի վերաբերյալ։

Զարգացումները տեղի են ունենում դաշնակիցների պասիվության պայմաններում․ Բուրկինա Ֆասոն և Նիգերը, որոնք Սահելի պետությունների դաշինքի անդամներ են, մինչ այժմ սահմանափակվել են միայն դիվանագիտական աջակցությամբ և չեն ցուցաբերում շոշափելի ռազմական օգնություն՝ չնայած փոխադարձ պաշտպանության մասին պայմանավորվածություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment