ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր

Քաղաքականություն

28.04.2026 | 22:53

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի և մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ առկա փոխվստահությունն ու համագործակցության փորձը նպաստավոր հիմք են ստեղծում ոլորտային կապերի խորացման և նոր նախաձեռնությունների իրականացման համար։ Ներկայացնելով ոլորտային բարեփոխումները՝ նախարարը շեշտել է, որ ՀՀ աշխատաշուկան աստիճանաբար անցում է կատարում զարգացման մի նոր փուլ, որտեղ երկիրը աշխատուժ արտահանողից վերածվում է նաև աշխատուժ ընդունող պետության։

Այս համատեքստում Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի կայուն աճ, ինչը նպաստում է զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական ակտիվության խթանմանը և միաժամանակ նոր հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա մասնագետների ներգրավման համար։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել գործնական քայլեր՝ քննարկված ուղղություններով առաջընթաց ապահովելու համար։

Leave a comment