Լուրեր |
Այս քաղաքականությունը ներկայացվում է «Գնիր եվրոպականը» մոտեցման շրջանակում։
Չինաստանը քննադատել է Եվրամիության «Արդյունաբերական արագացման մասին» նոր օրենքը՝ այն համարելով խտրական օտարերկրյա, հատկապես չինացի ներդրողների նկատմամբ։
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն շարունակի առաջ տանել այս օրինագիծը՝ վնաս հասցնելով չինական ընկերությունների շահերին, Պեկինը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել։
Նշվում է, որ օրենքը սահմանափակումներ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար՝ ներառյալ մտավոր սեփականության փոխանցման պահանջները և պետական գնումներին մասնակցության սահմանափակումները։
Չինական կողմը կոչ է արել ԵՄ-ին վերանայել օրինագիծը և հեռացնել խտրական դրույթները՝ ապահովելու արդար մրցակցություն և ներդրումային հավասար պայմաններ։
Եվրահանձնաժողովի նախաձեռնած օրինագիծը նախատեսում է առաջնահերթություն տալ եվրոպական արտադրանքին՝ հատկապես պաշտպանական, թվային և արդյունաբերական ոլորտներում պետական պայմանագրերի դեպքում։
Օրենքը նաև սահմանում է եվրոպական բաղադրիչների օգտագործման պարտադիր ցուցանիշներ մի շարք ռազմավարական ոլորտներում՝ ներառյալ վերականգնվող էներգիան, մարտկոցները և ավտոմոբիլային արդյունաբերությունը։
Այս քաղաքականությունը ներկայացվում է «Գնիր եվրոպականը» մոտեցման շրջանակում, որը նպատակ ունի խթանել տեղական արտադրությունը և նվազեցնել կախվածությունը արտաքին մատակարարներից։
Սակայն Պեկինը զգուշացնում է, որ նման քայլերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա։