Ընտանիքի անդամները կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ։
Ինչպես հայտնում է կայքը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։
Shamshyan.com-ի տեղեկություններով Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ա. Գ․-ն, 38-ամյա Ա.Պ․-ն, 11-ամյա Մ․ Գ․-ն, 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում Ա. Պ․-ն, Ա. Գ․-ն, Մ․ Գ․-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն թթվասեր չեն օգտագործել։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։