Արցախի մշակութային ժառանգությունը՝ ոչնչացման վտանգի տակ


Լուրեր |


Վտանգի տակ են գտնվում սրբավայրերը, գերեզմանոցները, հուշարձաններն ու հայկական ինքնության այլ տեսանելի նշաններ։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հայտարարել է, որ խոր մտահոգությամբ հետևում է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման և վանդալիզմի դեպքերին։

Գործակալության հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման վերաբերյալ տեղեկությունները վկայում են համակարգային քաղաքականության մասին, այլ ոչ թե առանձին դեպքերի։

Նշվում է նաև, որ վտանգի տակ են գտնվում սրբավայրերը, գերեզմանոցները, հուշարձաններն ու հայկական ինքնության այլ տեսանելի նշաններ։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացրել ադրբեջանական տեղեկատվական դաշտում տարածվող հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հնարավոր ոչնչացմանը կամ վերաիմաստավորմանը։

Գործակալությունը կոչ է արել միջազգային կառույցներին, մասնավորապես UNESCO-ին և ICOMOS-ին, ձեռնարկել հրատապ քայլեր՝ կանխելու մշակութային ժառանգության կորուստը և ապահովելու անկախ մշտադիտարկում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես վանդալիզմ, այլև որպես ինքնության և պատմական հիշողության դեմ ուղղված քաղաքականություն։

Հիշեցնենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև «Տատիկ-պապիկ» անունով, ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից և հանդիսանում է հայկական ինքնության կարևոր խորհրդանիշ։

Leave a comment