Ատելության խոսքը չի խնայում ոչ ոքի. ինչպե՞ս են փողոցային հարցումները վերածվել թվային բռնության գործիքի

Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներ նախընտրական շրջանում սկսել են ավելի հաճախ հրապարակել փողոցային հարցումների (Vox Pop) ձևաչափում պատրաստված տեսանյութեր՝ հիմնականում քաղաքական համատեքստ ունեցող թեմաների վերաբերյալ։

«Փաստերի ստուգման հարթակն» արձանագրել է, որ հարցումներում զգալի մաս են կազմում ատելության խոսքը, հանրային բևեռացմանը նպաստող բովանդակությունը։

Սրան զուգահեռ, արձանագրվել է նաև, որ հարցման մասնակիցներն իրենց հերթին հայտնվում են ատելության խոսքի թիրախում՝ ԶԼՄ-ների սոցիալական մեդիայի էջերի համապատասխան հրապարակումների մեկնաբանությունների տիրույթում։

FIP.am-ն ուսումնասիրել է մեկ տասնյակ լրատվամիջոցներում հրապարակված փողոցային հարցումների տեսանյութեր, քանակական ու որակական վերլուծության ենթարկել դրանցում առկա ատելության խոսքը (հայհոյանք, վիրավորանք, պիտակավորում, անեծք, բռնության կոչ պարունակող պատասխաններ), ինչպես նաև ուսումնասիրել է ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում համապատասխան հրապարակումների մեկնաբանությունները։ 

Ատելության խոսքի պատկերը հարցումներում՝ թվերով 

Այսպես, FIP.am-ն ուսումնասիրել է հանրային կարծիքի հարցումներ իրականացնող տասը ԶԼՄ-ի՝ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ հրապարակած տեսանյութերը․ դրանց թվում են News.am, Oragir News, Alpha News, Armat Media, Yerevan Today, Hraparak, Խոսնակ Լրատվական, Civic.am, Հայկական ժամանակ, Ararat News կայքերը։ 

Քանակական վերլուծությունն իրականացվել է ԶԼՄ-ների փողոցային հարցումներին մասնակցած քաղաքացիների թվերի հիման վրա։ 

Ըստ այդմ, ատելության խոսք պարունակող բովանդակության առումով առաջատարը Oragir News-ն է․ ԶԼՄ-ն հրապարակել է 59 քաղաքացու մասնակցությամբ տարբեր տեսանյութեր, որոնցում հարցվածներից 22-ն օգտագործում են ատելության խոսք։ 

Արտապատկերումները՝ Oragir News-ի ֆեյսբուքյան էջի՝ ատելության խոսք պարունակող տեսանյութերից (1,2,3,4,5)։ 

Երկրորդ տեղում Civic.am կայքն է, որը նշված ժամանակահատվածում հրապարակել է 61 հարցվածի մասնակցությամբ տեսանյութեր․ նրանցից 14-ն ատելության խոսք է տարածել։ 

Արտապատկերումները՝ Civic.am-ի ֆեյսբուքյան էջի ատելության խոսք պարունակող տեսանյութերից (1,2,3,4,5)։ 

Նշենք, որ վերոհիշյալ ԶԼՄ-ներից ուսումնասիրված ժամանակահատվածում ատելության խոսք պարունակող հարցման պատասխաններ չեն հրապակել Alpha News, AraratNews.am, Hraparak.am կայքերը, հետևաբար դրանք չեն ներառվել ստորև բերված ինֆոգրաֆիկայի մեջ։ 

FIP.am-ն արձանագրել է նաև միևնույն հարցվողների մասնակցությամբ տարբեր ԶԼՄ-ների սոցիալական մեդիայի էջերում հրապարակված տեսանյութեր։ 

Օրինակ, հարցվողներից մի քանիսի մասնակցությամբ միևնույն տեսանյութերը հրապարակել են և՛ News.am (1, 2), և՛ Yerevan Today (1, 2) կայքերը․ հատկանշական է, որ երկու լրատվամիջոցն էլ դրանք ներկայացրել են որպես սեփական մեդիաարտադրանք՝ իրենց տարբերանշաններով, հղումների բացակայությամբ։ 

Հարցվողները՝ թիրախում․ մեկնաբանությունների դինամիկան

FIP.am-ն արձանագրել է նաև, որ փողոցային հարցումների տեսանյութերի մեկնաբանություններում հարցվածները հաճախ իրենց հերթին դառնում են վիրավորանքի, ծաղրի, բռնության կոչերի թիրախ։

Հատկանշական է նաև, որ դրանք օրեր, շաբաթներ շարունակ պահպանվում են մեկնաբանությունների տիրույթում. մշտադիտարկումները ցույց են տվել՝ ԶԼՄ-ները հիմնականում չեն հեռացնում դրանք։

Այսպես, օրինակ՝ News.am-ի փողոցային հարցման մի քանի տեսանյութերի ֆեյսբուքյան հրապարակումների ուսումնասիրությամբ արձանագրվեց ատելության խոսք պարունակող մեկնաբանությունների ահռելի քանակ: 

Մասնավորապես, նման տեսանյութերից մեկն այս հոդվածի հրապարակման պահին ունի ավելի քան 3200 մեկնաբանություն. FIP.am-ը, ուսումնասիրելով ավելի քան 500 մեկնաբանություն, պարզեց, որ դրանց մեծ մասում առկա է վիրավորանք, ծաղր պարունակող խոսք հարցվողի նկատմամբ։ 

FIP.am-ն ուսումնասիրել է News.am-ի ևս երկու տեսանյութի մեկնաբանություններ (1,2), որոնցում հարցվող քաղաքացիներն օգտագործում են ատելության խոսք և միևնույն ժամանակ իրենք դառնում ատելության խոսքի թիրախ։ 

Հոդվածի հրապարակման պահին տեսանյութերից մեկն ունի ավելի քան 2500 մեկնաբանություն, 2-րդը՝ 620․ առաջին մի քանի հարյուրակի ուսումնասիրությամբ ևս արձանագրվել են ատելության խոսքով ահռելի քանակությամբ մեկնաբանություններ։ 

Արտապատկերումները՝ News.am-ի ֆեյսբուքյան էջից։ 

Սրան զուգահեռ, արձանագրված են դեպքեր, երբ մեկնաբանություն գրողները տարակարծությամբ պայմանավորված վիրավորանք կամ հայհոյանք են օգտագործում նաև հարցում իրականացնող ԶԼՄ-ի, լրագրողի, ինչպես նաև միմյանց նկատմամբ։

Հատկանշական է, որ ատելության խոսքի թիրախում են հայտնվում նաև փողոցային հարցումների այնպիսի մասնակիցներ, որոնց պատասխաններում իսպառ բացակայում է ատելության խոսքը։ 

Չնայած, FIP.am-ն ունի վերոհիշյալ պնդումները հիմնավորող էկրանապատկերները և հղումները, նպատակահարմար չի համարում դրանց հրապարակումը կամ մեկնաբանությունների արտատպումը՝ դրանց հետագա տարածմանը չնպաստելու նկատառումով։

Այսպիսով, չնայած փողոցային հարցումների ձևաչափը նախատեսված է հանրային կարծիքը ներկայացնելու համար, հայաստանյան տեղեկատվական տիրույթում՝ հատկապես նախընտրական շրջանում, այն վերածվում է ատելության խոսքի գեներացման ու տարածման գործիքի։

Նանե Մանասյան

The post Ատելության խոսքը չի խնայում ոչ ոքի. ինչպե՞ս են փողոցային հարցումները վերածվել թվային բռնության գործիքի appeared first on FIP.AM.

Leave a comment