ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարել


Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարարի միջնորդությունը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Այս մասին որոշումը հրապարակել է խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։


 


Դատավորին նկատողություն է հայտարարվել։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և վերջնական է։


 


«Միաժամանակ տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմենուհի Հարությունյանը, Երանուհի Թումանյանցը և Կարեն Թումանյանը կիրառվող կարգապահական տույժի մասով ունեն հատուկ կարծիք։


 


Մասնավորապես, Անահիտ Աբրահամյանը և Արմենուհի Հարությունյանը կողմ են քվեարկել խիստ նկատողություն, իսկ Երանուհի Թումանյանցը և Կարեն Թումանյանը՝ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին»,-նշեց նա։


 


Նախարարի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու պատճառն այն է, որ Աթոյանը ընդունել է երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումը, հաստատել է որդեգրման փաստը, չնայած այն հանգամանքին, որ դիմողը հաշվառված չի եղել որպես որդեգրել ցանկացող անձ, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում:


 


 

Դիտումների քանակ8

Leave a comment