ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ ի՞նչ է տարածվում տեղեկատվական դաշտում

Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական նոր առաքելության (EUPM) տեղակայման մասին որոշումը դեռ պաշտոնապես ուժի մեջ չի մտել, սակայն այն արդեն դարձել է սուր քաղաքական և մեդիա քննարկումների թեմա։ Մինչ եվրոպական կողմը խոսում է հիբրիդային սպառնալիքների դիմակայունության բարձրացման մասին, մի շարք հայաստանյան և ռուսական շրջանակներ այն ներկայացնում են որպես «հակառուսական» քայլ։ Բայց որքանո՞վ են այդ գնահատականները համապատասխանում առաքելության իրական մանդատին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ հայտարարությունները, համադրել դրանք պաշտոնական խոսույթի հետ և փորձել հասկանալ, թե որքանով են դրանք համապատասխանում առաքելության մանդատին:

«Նոր առաքելությունը հակառուսական է»

«Առաքելությունը փաստացի գալու է փոխարինելու դիտորդական առաքելությանը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի դիրքորոշումները հաճախ են համընկնում ռուսական պաշտոնական նարատիվների հետ (1, 2)։ 

Նույն թեզը շրջանառվել է նաև պրոռուսական տելեգրամյան ալիքներում (1, 2). «Դիտորդներին կփոխարինեն քաղտեխնոլոգները։ 20-30 հոգանոց խումբը կտեղակայվի Երևանում և ամբողջ թափով կաշխատի իշխանական կաբինետների հետ․ սա արդեն ոչ թե հեռադիտակներով սահմանային հսկողություն է, այլ ներքին աուդիտի ու հսկողության խումբ»,- գրել է «Ծիծակ» տելեգրամյան ալիքը (պրոռուսական բովանդակություն ունի-հեղ․):

Այս և նման պնդումները փաստահեն չեն․ բանն այն է, որ Հայաստանում արդեն գործող սահմանային դիտորդական մանդատ ունեցող ԵՄ առաքելության (European Union Mission in Armenia) մանդատը 2025-ին երկարացվել է ևս 2 տարով, իսկ նոր առաքելությունը՝ EUPM Հայաստանում ունենալու է բոլորովին այլ ֆունկցիա՝ հիբրիդային սպառնալիքների դեմ դիմակայունության բարձրացում, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և խորհրդատվություն պետական մարմիններին։ Այսինքն՝ դրանք զուգահեռ, ոչ թե փոխարինող մանդատներ են։

Ի դեպ, Մաթևոսյանը նույն հարցազրույցում նաև պնդում է, թե «նոր առաքելությունը հակառուսական է» կամ «նոր առաքելության նպատակն է չեզոքացնել Ռուսաստանի գործողությունները»։ Ըստ պաշտոնական ձևակերպումների՝ առաքելության նպատակը «հիբրիդային սպառնալիքների դիմակայունության բարձրացումն է», իսկ բանախոսն իր մեկնաբանությունը ներկայացնում է որպես առաքելության պաշտոնական նպատակ։ 

Զախարովան ու տելեգրամյան ալիքները

FIP.am-ի մոնիտորինգը ցույց է տալիս, որ Հայաստան ուղարկվելիք ԵՄ նոր առաքելության վերաբերյալ ռուսական պաշտոնական, հայաստանյան փորձագիտական, ինչպես նաև՝ սոցիալական մեդիայում շրջանառվում է խոսույթ այն մասին, որ ԵՄ նոր առաքելությունը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, այն արտաքին միջամտություն ու քաղաքական գործիք է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։

Հայաստանի վրա ազդեցության մասին խոսել է հատկապես ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով․ «․․․Եկեք իրերը կոչենք իրենց անուններով՝ ԵՄ-ն փորձելու է խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ թվում՝ ազդելով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ Իսկ դա նրանք շատ են ցանկանում անել»։

Զախարովայի այս պնդումների վերաբերյալ հրապարակային փաստաթղթերում նման դրույթներ չեն նշվում։ ԵՄ-ի կողմից հայտարարված առաքելության մանդատում որևէ ձևով չի նշվում ներգրավվածություն ընտրական գործընթացներին կամ ներքին քաղաքականությանը։ Հակառակը, առաքելությունը սահմանափակվում է խորհրդատվական և կարողությունների զարգացման գործառույթներով, որոնք ուղղված են պետական կառույցների դիմակայունության բարձրացմանը։ Եվ ավելին, առաքելությունն իր աշխատանքն սկսելու է հայաստանյան ընտրություններից հետո։

Պրոռուսական տելեգրամյան ալիքներից մեկում նույնիսկ կոշտ ձևակերպումներ կան․ «Մենք համոզված ենք, որ այս դեպքում Ռուսաստանը պետք է կոշտ կերպով միջամտի ու պաշտպանի իր շահերը» (1, 2, 3)։ Այս ձևակերպումը, նկատենք, այլ երկրի ներքին գործընթացներին բաց տեքստով միջամտության հնարավորության մասին է։ 

Այսպիսով, Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության վերաբերյալ տարածվող մի շարք պնդումներ չեն ներկայացնում դրա պաշտոնական մանդատի իրական նշանակությունը և հաճախ հիմնված են յուրովի մեկնաբանությունների կամ ենթադրությունների վրա։

Մասնավորապես, առաքելությունը չի փոխարինում արդեն գործող սահմանային դիտորդական առաքելությանը և ունի այլ գործառույթներ՝ ուղղված հիբրիդային սպառնալիքների դիմակայունության բարձրացմանը և պետական ինստիտուտների կարողությունների զարգացմանը։

Բացի այդ, հրապարակային փաստաթղթերում և հայտարարություններում բացակայում են դրույթներ, որոնք կվկայեն առաքելության ներգրավվածության մասին Հայաստանի ներքին քաղաքական կամ ընտրական գործընթացներում։ Ավելին, այդ առաքելությունը սկսելու է աշխատել ընտրություններից հետո, ինչը նույնպես հակասում է ընտրական գործընթացներին ներգրավված լինելու մասին պնդումներին։ 

Տեղեկանք․ Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունը (EUMA) գործող դիտորդական առաքելություն է, որի կազմում ընդգրկված են քաղաքացիական դիտորդներ։ Նրանք իրականացնում են սահմանային մոնիտորինգ և զեկույցներ ներկայացնում սահմանային միջադեպերի մասին։

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության գործընկերության առաքելությունը (EUPM), որը ստեղծելու մասին որոշումը կայացվել է ապրիլի 21-ին, փորձագիտական խորհրդատվություն, աջակցություն է ցուցաբերելու կիբերանվտանգությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին (STRATCOM) և աջակցելու է պետական ինստիտուտներին ապատեղեկատվության դեմ պայքարում։ Այն սկսելու է գործել հուլիսից։ 

Հասմիկ Համբարձումյան

The post ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ ի՞նչ է տարածվում տեղեկատվական դաշտում appeared first on FIP.AM.

Leave a comment