Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 14 մարդ է զոհվել

Քաղաքականություն

27.04.2026 | 11:54

Հարավային Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը։ Սա Իսրայել-Հըզբոլլահ պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր ամենամահաբեր օրն է, գրում է DW-ն։

Զոհվածների թվում են երկու կին և երկու երեխա։ Եվս 37 մարդ վիրավորվել է։

Լիբանանի պետական ​​Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաղորդել է կիրակի Իսրայելի կողմից հարավում մի քանի վայրերում հասցված հարվածների մասին։ Ավելի վաղ Իսրայելը մի շարք շրջաններից տարհանման նախազգուշացում էր տվել։

Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը միմյանց մեղադրել են փխրուն հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ զինվորականներն «ուժեղ» թիրախավորում են «Հըզբոլլահ»-ին, մինչդեռ զինյալ խմբավորումը խոստացել է շարունակել արձագանքել «խախտումներին»։

Իսրայելի զինվորականները բազմիցս հարվածներ են հասցրել Լիբանանին ապրիլի 17-ին կնքված ժամանակավոր հրադադարից ի վեր։ Հինգշաբթի հրադադարը երկարաձգվել էր երեք շաբաթով։

Կիրակի ավելի վաղ «Հըզբոլլահը» հայտարարել էր, որ հարձակվել է Լիբանանի ներսում գտնվող իսրայելական զորքերի, ինչպես նաև նրանց տարհանելու համար եկած փրկարարական ուժերի վրա։ Իսրայելի բանակը  հայտնել էր, որ մեկ զինվոր զոհվել է, վեցը՝ վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment