Yerkir{.}am կայքը ապրիլի 25-ին Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառումից լուսանկարներ է հրապարակել՝ պնդելով, թե այնտեղ պատկերված անձինք թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ են, որոնք զվարճանում են Երևանում։
«Խորովածը խժռելու «արարողությանը» հաջորդել էր «տժժալու արարողակարգը»՝ համերգ, որտեղ, ինչպես երևում է տարածվող կադրերից, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև «Գորշ գայլեր» թուրքական պանթյուրքիստական, նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հետևորդներ, որոնք բացահայտ ի ցույց են դրել իրենց նշանը», — գրել է կայքը՝ կցելով լուսանկարներ:
Լուսանկարը այդ կայքից
Սրան զուգահեռ, լրատվամիջոցը որևէ այլ փաստ և ապացույց չի ներկայացրել լուսանկարում պատկերված անձի կամ անձնաձ «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ լինելու, և առհասարակ, նրանց ինքնության մասին։
Այս պնդումը կից լուսանկարներով տարածել են բազամիթվ հայաստանյան ԶԼՄ-ներ (Panorama{.}am, 24{.}am, 168{.}am ևն)։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ կադրերը վերցված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Տեսանյութը նկարահանվել է Հյուսիսային պողոտայում, որտեղ 3-րդ րոպեից կադրում հայտնվում է համերգային միջոցառման մասնակիցներից մեկը՝ ձեռքով ռոք և մետալ երաժշտության (heavy metal) մշակույթում հայտնի ժեստ անելով։
«Գորշ գայլերի» նշանը և «ռոքի» նշանը արտաքինից կարող են նման թվալ․ առաջինի դեպքում ձեռքի դիրքը՝ բութ մատը և միջնամատը միացված են, իսկ ցուցամատն ու ճկույթը բարձրացված՝ նմանեցնելով գայլի գլխի։ Մինչդեռ ռոք-մշակույթում օգտագործվող նշանի դեպքում ձեռքի դիրքը՝ ցուցամատն ու ճկույթը բարձրացված են, իսկ մյուս մատները ծալված (բութ մատը սովորաբար պահում է մյուս մատները)։
Ձախից՝ ռոքի ժեստը, աջից՝ գորշ գայլերինը։
FIP.am-ը նաև InVid գործիքի միջոցով լուսնակարների է բաժանել տեսանյութի մի քանի վայրկյան տևած այդ դրվագը, որտեղ պարզ երևում է՝ քաղաքացու ժեստը։
Այսպիսով, Yerkir.am-ը առանց հստակ ապացույցների ու փաստերի պնդել է, թե Քաղաքացու օրվա միջոցառմանը մասնակցել են «Գորշ գայլերի» անդամներ՝ հիմնվելով հանրային միջոցառման մասնակցի ռոքի ժեստ անելու կադրերի վրա։
Նանե Մանասյան
Սիլվա Գրիգորյան
The post Ինչպես Yerkir.am-ը «ռոքի» ժեստ անողին հռչակեց «Գորշ գայլերի» անդամ․ Կեղծ պնդում՝ հայաստանյան մեդիայում appeared first on FIP.AM.