ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթում ռազմական համագործակցության մասին դրույթ կլինի

Արդեն հայտնի է, որ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Թե այլ ինչ հարցեր են ներառված լինելու փաստաթղթում, պարզել չհաջողվեց, բայց ըստ 24News-ի աղբյուրների, համաձայնագրում լինելու է նաև ռազմական համագործակցության վերաբերյալ կոնկրետ դրույթ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը, իսկ մայիսի 5-ին պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նշենք նաև, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՄ-ն ևս բարձրագույն մակարդակով կներկայանա. ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին կլինի Երևանում։

Գագաթնաժողովին ընդառաջ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Ինչպես տեղեկացնում է Արտգործնախարարության լրատվական վարչությունը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներին վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման մասին խնդիրները, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:

Հերմինե Միքայելյան

—00—ԼԱ

Leave a comment