Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Քաղաքականություն

24.04.2026 | 20:30

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։ Իրենց հարգանքի տուրքը մատուցել են և ծաղիկներ խոնարհել նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արամ Միքայելյանն իր խոսքում նշել է, որ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են հայեր, հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հիշատակի միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել Հայաստանից ժամանած դուդուկահարներ Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը։

Leave a comment