Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի «հուսալի» անդամ է՝ դաշինքից հեռացնելու ԱՄՆ-ի սպառնալիքի լուրերի ֆոնին

Քաղաքականություն

24.04.2026 | 18:46

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը ՆԱՏՕ-ի «հուսալի անդամ» է, այն բանից հետո, երբ հաղորդագրություն տարածվեց, թե Միացյալ Նահանգները քննարկում է Իսպանիային հեռացնելու հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքի պատերազմում գործողություններին աջակցելուց հրաժարվելու պատճառով, գրում AFP-ն։

Reuters-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ Պենտագոնն էլեկտրոնային նամակում ներկայացրել է հեռացման տարբերակը, որտեղ դիտարկվում են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմին չմասնակցող ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պատժելու ուղիները։

«Իսպանիան ՆԱՏՕ-ի հուսալի անդամ է, որը կատարում է իր բոլոր պարտավորությունները։ Այդ պատճառով ես բացարձակապես չեմ անհանգստանում»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմին միանալուց հրաժարվելու համար՝ ասելով, որ դա համարում է դավաճանություն։ Նրանցից մի քանիսը՝ Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, թույլ չեն տվել ԱՄՆ ռազմական ինքնաթիռներին թռչել իրենց տարածքների վրայով կամ օգտագործել բազաները։ Մեծ Բրիտանիան սկզբում նույնպես հրաժարվել էր, բայց հետագայում թույլատրել է ԱՄՆ-ի թռիչքներն իր բազաներից՝ հակամարտության ընթացքում «պաշտպանական առաքելությունների համար»։

Թրամփը նաև ապարդյուն փորձել է արել՝ համոզելու ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց, որն Իրանը գործնականում փակել է ռազմական սպառնալիքներով և հարձակումներով։

Վաշինգտոնի այն սպասումը, որ ՆԱՏՕ-ի անդամների կառույցներն ու տարածքները պետք է անվերապահորեն հասանելի լինեն ԱՄՆ-ին, սրել է դաշինքի ներսում լարվածությունը, որը Թրամփն անվանել է «թղթե վագր»։

Սանչեսը նաև հավելել է, որ իր կառավարության դիրքորոշումը «դաշնակիցների հետ բացարձակ համագործակցությունն է, բայց միշտ միջազգային իրավունքի սահմաններում»։

Նշենք, որ ՆԱՏՕ-ն իր հաջորդ գագաթնաժողովը կանցկացնի Թուրքիայում հուլիսի 7-8-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment