Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 4 ներկայացուցիչներ` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)։

Մանվել Խնձրցյանը պայքարը սկսեց որակավորման փուլից ու 12:6 հաշվով հաղթեց գերմանացի Հորսթ Լեռին, իսկ քառորդ եզրափակիչում 12:1 հաշվով վստահ հաղթանակի հասավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Վազգեն Թևանյանը որակավորման փուլում 5:2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Խամզատ Արսամերզուևին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովից։

Երեկոյան մրցահերթում Թևանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովի հետ։

Դավիթ Մարգարյանը մեկնարկեց ուկրաինացի Ալեքսանդր Բորուտայի հետ գոտեմարտով ու պարտվեց 3:6 հաշվով։

Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում 0:6 հաշվով պարտություն կրեց ռուսաստանցի Ախմեդ Ուսմանովից:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն ապրիլի 25-ին։

Leave a comment