Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը. Էրդողանը կրկին «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին և Թուրքիայի  հայ համայնքին 1915 թվականի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Էրդողանն ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ է հղում 2012 թվականից ի վեր։ Նրա ուղերձն ընթերցվել է Սուրբ Հակոբ եկեղեցում «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ, գրում է Agos-ը։

Այս տարվա ուղերձում ևս Թուրքիայի նախագահը չի գործածել «ցեղասպանություն» եզրույթը։

«Այս տարի նույնպես մենք հարգանքով հիշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերին, և ես կրկին ցավակցություն եմ հայտնում նրանց սերունդներին։ Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում խորապես տուժեցին նրանք, ովքեր զոհվեցին օկուպացիայի, հակամարտությունների, ապստամբությունների, ավազակախմբերի գործունեության, ահաբեկչական հարձակումների և համաճարակների հետևանքով, ինչպես նաև նրանք, ովքեր վտարվեցին իրենց հողերից Բալկաններում, Կովկասում և Արաբական թերակղզում, և բոլոր օսմանյան ժողովուրդները, որոնց տներն ավերվեցին Անատոլիայի յուրաքանչյուր անկյունում։ Ցավոք, Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների շրջանում, որոնք ներկա էին Օսմանյան կայսրության կյանքի բոլոր ոլորտներում և արժեքավոր ներդրում ունեին, կային նաև նրանք, որոնք անչափ տուժել են»,- նշել է Էրդողանը։

Նա հայտարարել է, թե հաջողվել է ստեղծել Թուրքիայի Հանրապետությունը՝ առանց մոռանալու այս տառապանքների մասին, բայց իմանալով, թե ինչպես հաղթահարել դրանք։ Ըստ նրա՝ խաղաղության, ներդաշնակության և եղբայրության վրա հիմնված ավելի լավ օրերի հասնելու համար  աշխատում և ձգտում են  մբոլոր քաղաքացիների և ընկերների հետ միասին՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։

«Մենք լավագույն պատասխանն ենք տալիս նրանց, ովքեր ցանկանում են պատմությունից թշնամանք սերմանել՝ մոտեցմամբ, որն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, կարեկցանքին և երկխոսությանը, այլ ոչ թե հակամարտությանը՝ առանց սահմանափակվելու գաղափարախոսական շրջանակներով։ Որպես 86 միլիոն մարդ՝ մենք միասին կկառուցենք մեր ապագան և ժառանգությունը, որը կթողնենք մեր թոռներին։ Այս մտքերով ես կրկին նշում եմ, որ կիսում եմ այն ​​ցավը, որն անցյալում ապրել  է հայ համայնքը, և կրկին հարգանքով եմ հիշում բոլոր այն օսմանյան քաղաքացիներին, ովքեր զոհվել են»,- հայտարարել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment