ԱԴԾ-ն հայտարարել է «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարության դեմ ահաբեկչության կանխարգելման մասին

Քաղաքականություն

24.04.2026 | 14:32

2026 թվականի ապրիլի 18-ին «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարների դեմ ծրագրված ահաբեկչական հարձակումը կանխվել է։ Նախատեսվում էր մեքենայում պայթյուն իրականացնել։ Այս մասին ասվում է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի հատուկ ծառայությունը պնդում է, որ Մոսկվայում, Ուֆայում, Նովոսիբիրսկում և Յարոսլավլում ձերբակալվել են Telegram-ի միջոցով հավաքագրված յոթ անձինք։

«Ենթադրաբար, նրանց ղեկավարել է 2004 թվականին ծնված Մոսկվայի մի բնակիչ։ Ձերբակալությունից հետո նա զենքի միջոցով զինված դիմադրություն է ցուցաբերել և վնասազերծվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ զենքերից բացի՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են «նեոնացիստական ​​պարագաներ և ուկրաինական կիսառազմական խմբավորումների խորհրդանիշներ», ինչպես նաև «հրահանգներ, թե ինչպես միանալ Ռուսաստանի Դաշնությունում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը»։

«Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից ստացված տեղեկատվությունը վկայում է ուկրաինական հետախուզական ծառայությունների ակտիվ ջանքերի մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնությունում տեղեկատվական անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումներին, այդ թվում՝ Telegram մեսենջերի արգելափակմանը»,- ասվում է հայտարարությունում։

Ուկրաինան չի մեկնաբանել ԱԴԾ-ի այս հայտարարությունը։ BBC-ն էլ նշել է, որ չի կարողացել ստուգել ռուսական հատուկ ծառայության պնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment