Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

Հարգելի’ հայրենակիցներ,

Հայաստանը և աշխարհասփյուռ համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի 111-րդ տարելիցը և 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների և բռնի տեղահանության։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեցին և սպանվեցին հարյուրավոր արևմտահայ մտավորականներ։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։

Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել մեր երկրի ամբողջականությունը, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության հզորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնիների ավանդներն ու ժառանգությունը։

Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և ընդմիշտ։

Մանվել Փարամազյան

Leave a comment