Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով

«Բաց կառավարության գործընկերությունը» (OGP) միջազգային նախաձեռնությունը, որը միավորում է պետություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոշել է կասեցնել Վրաստանի անդամակցությունը:

«Երկիրը դուրս է մնում այս կարևոր միջազգային հարթակից, որն ուղղված է թափանցիկության, կառավարության հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության ամրապնդմանը»,- հաղորդում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:

OGP-ն միավորում է ժողովրդավարության ճանապարհին գտնվող ժողովրդավարական երկրներին և պետություններին, որոնք հանձնառու են դառնալ ավելի թափանցիկ և հաշվետու իրենց քաղաքացիների առջև։ Այն տարածք է, որտեղ կառավարություններն ու քաղաքացիական հասարակությունը համատեղ աշխատում են կոռուպցիան նվազեցնելու, տեղեկատվությանը հասանելիությունը ընդլայնելու և քաղաքացիների ներգրավվածությունը ամրապնդելու համար։ Վրաստանը վաղուց համարվում է այս ոլորտում հաջողակ օրինակ։

2023 թվականին, Վրաստանի կառավարության կողմից քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների ֆոնին, OGP-ն ժամանակավորապես կասեցրել էր Վրաստանի անդամակցությունը և իշխանություններին մինչև 2025 թվականի վերջը ժամանակ տվել՝ երկու առաջարկություններ իրականացնելու համար.

-Չեղարկել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիների իրավունքները սահմանափակող բոլոր օրենքները,

-Ապահովել խոսքի ազատության, հավաքների ազատության և քաղաքացիական հասարակության գործունեության պաշտպանությունը ֆիզիկական և այլ հարձակումներից։

Վրաստանի կառավարությունը, կազմակերպության կարծիքով, առաջարկությունները կատարելու փոխարեն՝ վատթարացրել է իրավիճակը. շարունակվել է ժողովրդավարական հետընթացը, սահմանափակվել են մարդու հիմնարար իրավունքները, և ընդունվել են նոր օրենքներ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ։

Ի վերջո, կառույցին մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ի նշան բողոքի, դադարեցրել են համագործակցությունը «Վրացական երազանքի» կառավարության հետ։ OGP-ն եկել է եզրակացության, որ երկիրն այլևս չունի բաց և հաշվետու կառավարման համար անհրաժեշտ նվազագույն միջավայրը և վերջնականապես դադարեցրել է Վրաստանի անդամակցությունը։

Այս որոշումը հաստատում է, որ Վրաստանը հեռացել է այն ժողովրդավարական չափանիշներից, որոնք խոստացել էր պահպանել։ Երկիրը կորցրել է միջազգային վստահությունը և ժողովրդավարական զարգացման ներուժը, ասվում է հաղորդագրությունում։

Կառույցից բացառումը միայն արտաքին քաղաքականության հարց չէ։ Այն անմիջականորեն կապված է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների հետ՝ որքան ազատ կարող է մարդ արտահայտել իր կարծիքը, որքան անկախ են լրատվամիջոցները, որքան թափանցիկ է պետությունը և որքան հանրային վերահսկողություն ունի կառավարությունը։

Այս որոշումը ցույց է տալիս, որ երկրում ժողովրդավարական ինստիտուտները դիսֆունկցիոնալ են, քաղաքացիների ձայնն այլևս լսելի չէ, ասվում է «Transparency International Georgia»-ի, «Information Free Development Institute»-ի, «Green Alternative»-ի, «Giorgian Young Lawyers Association»-ի և «Civil Society Institute»-ի կողմից ստորագրված հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment