Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցության լիակատար ապաշրջափակումը կարող է հիմնովին վերափոխել մեր տարածաշրջանը. Մարիա Կարապետյանը՝ Քիշնևում


Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Քիշնևում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի և հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:


Որպես Եվրանեսթ ԽՎ համանախագահ՝ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել հանձնաժողովների նիստերին ընդառաջ տեղի ունեցած բացման արարողությանը․


«Հարգարժա՛ն խոսնակ պարոն Գրոսու,


Հարգարժա՛ն համանախագահ պարոն Լագոդինսկի,


Մոլդովայի պատվիրակության հարգարժա՛ն ղեկավար պարոն Բալուտել,


Ուկրաինայի պատվիրակության հարգարժա՛ն ղեկավար պարոն Կրուլկո,


Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների ազգային խորհրդարանների հարգարժա՛ն անդամներ,


Սիրելի՛ գործընկերներ,


Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է ելույթ ունենալ այսօր Քիշնևում որպես Եվրանեսթ ԽՎ համանախագահ: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մոլդովային և մեր մոլդովացի գործընկերներին՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը հյուրընկալելու համար:


Մոլդովայի ձեռքբերումներն արժանի են գնահատանքի: Նրա ժողովրդի ընտրությունը՝ առաջ շարժվել եվրոպական ինտեգրման ճանապարհով, հստակ արտահայտվել և ժողովրդավարական ճանապարհով պաշտպանվել է նախագահ Սանդուի ղեկավարությամբ: Մոլդովայի ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ նվիրվածությունն օրինակելի է:


Ուկրաինան արդեն հինգերորդ տարին դիմադրում է պատերազմին: Ուկրաինայի տոկունությունը շարունակում է տպավորել բոլորիս, և մենք հույս ունենք խաղաղության հաստատման՝ միջազգային իրավունքի և ինքնիշխանության հարգման հիման վրա:


Այսօր մեր հանձնաժողովները կկենտրոնանան չորս զեկույցների թեմաների վրա, որոնցից յուրաքանչյուրը կանդրադառնա մեր համագործակցության հիմնական չափումներից մեկին:


Քաղաքական հանձնաժողովում հարգարժան գործընկերներ պարոն Բալուտելը և պարոն Շենկն իրենց առաջիկա զեկույցում կկենտրոնանան Արևելյան գործընկերության անվտանգության ճարտարապետության ձևավորման թեմայի վրա: Մեր մարտահրավերները կարող են ընդգրկել զինված ագրեսիայից մինչև հիբրիդային հարձակումներ: Մինչ մենք հակազդում ենք դրանց, մենք պետք է պահպանենք օրենքի գերակայությունը, պաշտպանենք ընտրությունների ինստիտուտը միջամտություններից և ամրապնդենք մեր հաստատությունների ու հասարակությունների դիմացկունությունը:


Տնտեսական հանձնաժողովում գործընկերներ պարոն Մաժիլիսը և տիկին Գասպարյանը կանդրադառնան տարածաշրջանային փոխկապակցվածությանը և դրա կապին անվտանգության ու բարեկեցության հետ:


Էներգետիկայի հանձնաժողովում գործընկերներ պարոն Ռոս Սեմպերեն և տիկին Ֆեդինան կխոսեն ջրածնի ու վերականգնվող էներգիայի զարգացման մասին՝ որպես եվրոպական անվտանգության մեջ ռազմավարական ներդրում:


Վերջապես, սոցիալական հարցերի հանձնաժողովի համար մեր առաջիկա զեկույցում ես և հարգարժան պարոն Շտեֆանուտան կկենտրոնանանք մեդիագրագիտության, թվային դիմադրողականության ու սոցիալ-տնտեսական խոցելիությունների հաղթահարման կարևորության վրա՝ որպես արտաքին միջամտության և ընտրական մանիպուլյացիաների դեմ պայքարի հիմնական գործիքներ:


Հարգելի՛ գործընկերներ,


Քանի որ Հարավային Կովկասի երկրները կարող են տարբեր ուղիների և տեմպերի մեջ հայտնվել Եվրոպական միության հետ իրենց երկկողմ հարաբերություններում, մեզ համար հատկապես կարևոր է նաև կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել միասին՝ անկախ դրանից: Այս առումով, ես էներգետիկան և կապը համարում եմ տարածաշրջանի երկրների և Եվրամիության միջև ամենափոքր ու անվիճելի ընդհանուր հայտարարը: Սևծովյան էներգետիկ մալուխը և Անդրկասպյան էներգետիկ միջանցքը կարող են ընդլայնվել ու օգտագործել Հարավային Կովկասի ամբողջ ներուժը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց:


Այս առումով, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության լիակատար ապաշրջափակումը կարող է հիմնովին վերափոխել մեր տարածաշրջանը: Այն կստեղծի կապերի լայն ցանց, որը կկապի Եվրոպական միությունը, Սև ծովը, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Կասպից ծովը և Կենտրոնական Ասիան:


Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն նաև Հայաստանի սահմանն է Եվրոպական միության Մաքսային միության հետ:


Նման զարգացումները կստեղծեն փոխկախվածությունների ցանց Հարավային Կովկասում՝ ամրապնդելով ոչ միայն համագործակցությունն ու վստահությունը, այլև մեր պետությունների ինքնիշխանությունը: Ամենակարևորը, արևմուտք-արևելք կապերի բազմազանությունը կնվազեցնի խոցելիությունները՝ ապահովելով, որ ոչ մի առանձին երթուղի չօգտագործվի որպես հարկադրանքի գործիք:


Հարգելի՛ գործընկերներ,


Հայաստանը մտնում է ժողովրդավարական «թարմացման» նոր շրջափուլ, և ես կրկին շնորհակալություն եմ հայտնում խոսնակ Գրոսուին Հայաստանի ժողովրդավարությանը ցուցաբերած աջակցության համար: Չնայած պաշտոնական քարոզարշավը սկսվում է միայն մայիսի 8-ին՝ մեր հասարակությունն արդեն խորապես ներգրավված է մեր անկախությունից ի վեր ամենակարևոր հանրային քննարկման մեջ:


Մենք ականատես ենք լինում տարածաշրջանային նոր իրականության առաջին շոշափելի արդյունքներին: Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված և հրապարակված խաղաղության պայմանագիրը, համաձայնությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի և մեր տարածքներով բոլոր ներպետական, միջպետական ու միջազգային հաղորդակցություններն արգելափակելուց ազատելու շուրջ տալիս են առաջին կոնկրետ արդյունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրի մեկնարկ, մեր սահմաններին լիակատար հանգստություն: Այս ֆոնին, Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին կորոշի, թե ինչպես է ուզում առաջ շարժվել որպես ժողովուրդ:


Քաղաքական մեծամասնության տեսլականը հստակ է: Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, Հարավային Կովկասը ներառող տարածաշրջանային քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացման հետ մեկտեղ Հայաստանը կշարունակի իրականացնել Եվրոպական միության անդամ երկրի չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումները: Այս չափանիշներին հասնելն ինքնին ռազմավարական նպատակ է, որը կամրապնդի մեր ժողովրդավարությունը, ինստիտուտները և տնտեսությունը:


Վերջում ցանկանում եմ ընդգծել մեր մայրցամաքում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Այս համատեքստում մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում, ինչպես նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին՝ մայիսի 5-ին: Մենք պատրաստ ենք ակտիվ մասնակցության և բովանդակային ներգրավվածության՝ մեր ընդհանուր եվրոպական օրակարգն առաջ տանելու համար:


Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային օր և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- ամփոփել է ելույթը Մարիա Կարապետյանը:

Leave a comment