«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վճռական է տրամադրված բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի /Նովոստի-Արմենիա/. «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վճռական է տրամադրված բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը «Ալ Ռիադի» դեմ, որը նախատեսված է այս երկուշաբթի, գրում է պորտուգալական A BOLA պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ պորտուգալացի աստղի դժգոհության պատճառը ոչ թե ֆիզիկական վիճակն է, այլ ակումբի կառավարման հետ կապված խնդիրները։
Ռոնալդուն իր դժգոհությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամի (PIF) վարած քաղաքականությունից։ Ֆուտբոլիստը գտնում է, որ «Ալ Նասրը» ստանում է անհամեմատ քիչ ներդրումներ, քան իր հիմնական մրցակիցները, մասնավորապես՝ «Ալ Հիլյալը»։
Թիմի ավագ Կրիշտիանուն գտնում է, որ «Ալ Նասրում» ներդրումները նվազել են, և դրա վառ ապացույցն այն է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միակ ձեռքբերումը Իրաքից հրավիրված 21-ամյա կիսապաշտպան Հայդեր Աբդուլքարիմն է։
Ռոնալդուի բոյկոտը «Ալ Նասրում» դժգոհության առաջին նշանը չէ։ Հունվարի կեսերին գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել էր, որ իր ներկայիս ակումբը «չունի այն քաղաքական ազդեցությունը, որն ունի «Ալ Հիլյալը»» (իր նախկին թիմը)։
Այս հայտարարությունը մեծ արձագանք ստացավ և հանգեցրեց նրան, որ «Ալ Հիլյալը» պահանջեց պորտուգալացի մասնագետին որակազրկել 6-12 ամսով։