Կրթություն՝ մի քանի 0-ներով. 200 հազար դրամից մինչև 35 միլիոն դրամ. որն է մասնավոր կրթության գինը

Կրթություն՝ մի քանի 0-ներով. 200 հազար դրամից մինչև 35 միլիոն դրամ. որն է մասնավոր կրթության գինը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դիլիջանի միջազգային դպրոց՝ երկու տարին՝ 35 միլիոն դրամ՝ 16-18 տարեկանների համար,  տարրական դպրոցը՝ տարեկան  սկսած 2 միլիոն 400 հազար դրամից, «Այբ» դպրոց՝ 1-9-րդ դասարանների համար  տարեկան 3 860 000 դրամ, 10-12-րդ դասարաններ համար՝ 3 309 900 ՀՀ դրամ: CIS Արմենիա միջազգային դպրոց ՝ տարրական դպրոցում տարեկան սկսած 6 միլիոն 600 հազարից դրամից, միջին դպրոցում սկսած 7 միլիոնից, «Երևակ» դպրոց  տարեկան  սկսած 900 հազար դրամից, «Արեգնազան» դպրոց՝  տարեկան սկսած 1 միլիոն դրամից, «Ադամյան» դպրոց տարեկան 750 հազար դրամ, «Էլիստա դպրոց»՝ տարեկան 650 հազար դրամ,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ տարեկան սկսած 200 հազար դրամից: 

Zarkerak.am-ն առաձնացրել է հայաստանյան մի քանի մասնավոր դպրոցների արժեքները, այս  թվերը չեն ներառում հավելյալ դասապատրաստումը, սնունդը, տրանսպորտային ծախսերը և այլ հարակից ծառայություններ:  Ու թեև կրթական այսօրվա քաղաքականությունը խրախուսում է միտքը, որ լավագույն դպրոցը տանն ամենամոտ հանրակրթական դպրոցն է, մասնավոր դպրոցների պակաս Հայաստանում չկա. դրանց թիվն անցնում է մեկ տասնյակը:

Կրթության  փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հայկական միջավայրում մասնավոր դպրոցների գները շատ տարբերակված են՝ որոշները հասանելի են,  բայց 2-3 միլիոն տարեկան վարձավճարը ճնշող մեծամասնության համար թանկ հաճույք է: 

 «Մասնավոր դպրոցները միատեսակ չեն, Հայաստանում կա հայտնի 7-8 դպրոց, որոնք երեք տեսակի են՝ էլիտար՝ միջազգային ստանդարտներով, միջին որակի և ունենք ուղղակի մասնավոր դպրոցներ, որոնք առանձապես շատ չեն տարբերվում պետական դպրոցներից և վարձավճարը հասնում է մինչև 600 հազար դրամի, այստեղ երեխաները հաճախ ունեն ազատ գրաֆիկ ու հենց դա է գրավիչ»:

Կրթության փորձագետն ասում է, որ այս վարձավճարները ցույց են տալիս՝ մասնավոր դպրոցներում ամեն ինչ իր գինն ունի:

Գիտելիքի գինը

«Դպրոցները, որտեղ 4-5 միլիոն դրամ վարձ են տալիս  կրթական պրոցեսն  իրականացնում են միջազգային բակալավրիատի ծրագրով, սրա առավելությունն այն է, որ համարյա երաշխավորված է, որ կընդունվես աշխարհի լավագույն բուհեր,  երբեմն նաև որոշակի կրթաթոշակներ  ստանալով»,- ասաց նա: 

Մեր զրուցակիցը նկատեց, որ թանկարժեք դպրոցներն ունեն մի առավելություն, իրենք կարողանում են երեխային նախապատրաստել ժամանակակից պահանջներին.«Այնտեղ  բազա են տալիս,  որի հիման վրա հետագան ավելի հեշտ է տրվում: Բայց չենք կարող ասել, որ  այդ դպրոցների երեխաները լրացուցիչ պարապմունքների չեն գնում, կրկնուսույցների մոտ չեն գնում»,- ասաց Խաչատրյանը նաև նշեց, որ որքան էլ այս դպրոցները ունենան սեփական ծրագիրը  արդեն պարտադիր է, որ իրենց կրթական բաղադրիչում ներմուծեն ԿԳՄՍՆ-ի մշակած կրթական նոր չափորոշիչներով ծրագիր:

Միջավայրի գինը

«Այս դպրոցների ուժեղ կողմերից մեկն է այն է, որ  ապահովում է ավելի լավ միջավայր, դպրոցներում հավաքվում են այնպիսի երեխաներ, որոնք շատ սոցիալական խնդիրներ չունեցող ընտանիքներից են, աշխատելու կամ հացի խնդիր չունեն և իրենք կարող են կենտրոնանալ սովորելու վրա, մինչդեռ սովորական՝ հանրակրթական դպրոցներում կան երեխաներ, որ  7-8 դասարանից սկսած  մտածում են գումար աշխատելու  մասին, որովհետև ընտանիքը խնդիրներ ունի և միջավայրն արդեն սովորելու համար այդքան էլ տրամադրող չէ,  որովհետև սովորող աշակերտների թիվն ավելի քիչ է»,- բացատրեց Խաչատրյանը:

Թվերի գինը 

«Մասնավոր դպրոցներում  դասարանները որպես կանոն 15-20  հոգանոց են, այս փոքր դասարանն էլ գին ունի՝ ծնողը կարող է հենց դրա համար վճարել, որ իր երեխային առավել մեծ ուշադրություն դարձնեն: Ի տարբերություն պետական դպրոցների, որտեղ երեխաների թիվը կարող է շատ ավելի լինել, 15 հոգու հետ աշխատելը և արդյունք ստանալը մի բան է, 35 հոգու հետ աշխատելը մի բան:  Բայց պետք  չէ ամեն ինչ կապել թվի հետ: Հանրակրթական դպրոցներում կան դասարաններ, որտեղ  5 աշակերտ կա, այս սկզբունքով բոլորը պետք է «վունդեկինդ» լինեին»,-ասաց Խաչատրյանը:

Մասնագետների գինը

«Մասնավոր դպրոցներում դասավանդում են  շատ որակյալ նաև դրսում սովորած ուսուցիչներ, նրանք լավ  են պատկերացնում միջազգային միտումները, շատ լավ գիտեն օտար լեզուներ, հետևաբար կարծում եմ միջազգային մակարդակով էլ նրանց տված կրթությունը մրցունակ է: Չմոռանանք, որ նրանք նաև բավական բարձր աշխատավարձ են ստանում ու առավել մոտիվացված են», – նշեց կրթության փորձագետը:

Սակայն նրա կարծիքով, ներդրված կամավոր ատեստավորման ֆոնին  հանրակրթական դպրոցներում էլ ուսուցիչները հնարավորություն  ունեն ստանալ անգամ մինչև 700 հազար դրամ աշխատավարձ:  

Քաշային կարգերի գինը

Կրթության փորձագետ խոսքով՝ մասնավոր որոշ դպրոցներ իրականում երեխաների համար ապահովում են ավելի բարձր քաշային կարգ, սական միայն դա հաջողության հասնելու համա երաշխիք չէ: Ըստ նրա, եթե համեմատելու լինենք մասնավոր և պետական դպրոցի աշակերտներին, շատ բան գալիս է երեխայի անհատականությունից, ու այստեղ արժեքը չէ, որ կարևոր է.«Կան երեխաներ, որոնք սովորում են սովորական գյուղական դպրոցներում, բայց իրենց որակների շնորհիվ  կարողանում են ինչ-որ փուլում հավասարվել,  անգամ՝ առաջ անցնել, այսպես ասած, լավ դպրոցներում սովորածներից: Ասել, որ մասնավոր դպրոցներից միայն «վունդերկինդներ» են դուրս գալիս  ճիշտ չէ, կան երեխաներ, որոնք միջակ են, ու առանձնապես  լուրջ հաջողության չեն հասնում, որքան էլ դպրոցի ստատուսը որոշակի քաշային կարգ թելադրի»:  

Իսկ ինչպես տեղեկացանք գնառաջարկներից, նախակրթարանների արժեքները սկսվում են 20 հազար դրամից՝ հասնելով 250 հազար դրամի և ավելիի: 

Մարիամ Մկրտչյան

Leave a comment