Ուսումնասիրվում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը Քաջարանում

«Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում չեխական «Առնիկա» կազմակերպության փորձագետները հայաստանյան գործընկերներ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ Հայաստանում իրականացնում են շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատում։ Ծրագրի շրջանակներում աշխատանքային խումբն այցելեց ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնք։

Քաջարան քաղաքն արդյունաբերական կենտրոն է, որը ձևավորվել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հենքի վրա։ Ներկայում այն Քաջարան խոշորացված համայնքի կենտրոնն է։ Համայնքը ներառում է 21 բնակավայր՝ շուրջ 8500 բնակիչներով։

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Քաջարանի հանքավայրն աշխարհի ամենամեծ պղնձամոլիբդենային հանքավայրերից մեկն է։ Պղնձի պարունակությունը գնահատվում է 5,9 միլիոն տոննա, մոլիբդենինը՝ 0,85 միլիոն տոննա։ Ներկայում արդյունահանվում է տարեկան 22 միլիոն տոննա հանքաքար։

«Առնիկա»-ի փորձագետները տեղի որոշ բնակիչների առաջարկով փորձանմուշներ վերցրին Քաջարան քաղաքով հոսող Ողջի գետի նստվածքից, հողից,  բնակավայրերում բնակիչների տնամերձ այգիներից, Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքից, նաև կենսանմուշներ՝ բնակիչներից։

Փորձանմուշները հետազոտվելու են Չեխիայում՝ սերտիֆիկացված լաբորատորիայում, իսկ արդյունքները ներկայացվելու են տեղի բնակիչներին։

«Առնիկա»-ն Հայաստանում աշխատում է 2010 թվականից, ուսումնասիրություններ է իրականացրել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում։ «Առնիկայի» համահիմնադիր, շրջակա միջավայրի փորձագետ Հինդրիխ Պետրլիկը նշում է, որ նման հետազոտություններ «Առնիկան» անցկացնում նաև Չեխիայում և այլ երկրներում՝ համագործակցելով տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

 «Արձագանքելով բնակիչների պահանջին՝ մենք ուսումնասիրում ենք շրջակա միջավայրի և մարդու վրա արդյունաբերական աղտոտվածության ազդեցությունը, տրամադրում ենք կոնկրետ տվյալներ, որոնք կարող են լինել փաստական հիմք տեղացիների համար՝ պաշտպանելու իրենց իրավունքները», – ասում է «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի համակարգող Գրեգորի Մալյուկովը։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը նշում է․ «Բնակիչների իրավունքն է իմանալ՝ ինչպիսի միջավայրում են իրենք ապրում։ Պետք է լինեն ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև սոցիալ-էկոլոգիական լուծումներ, որոնք կնվազեցնեն հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցությունը։ Ցավոք սրտի, մինչ օրս հանքարդյունաբերական համայնքներում մարդկանց առողջական վիճակի գնահատում չի իրականացվում։ Բնակիչները պետք է առողջապահական ապահովագրություն ունենան։ Պետք է մշակվեն այլընտրանքային զարգացման ծրագրեր՝  բնապահպանական, առողջապահական, տնտեսական բաղադրիչներով։ Մեր հետազոտությունները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի մշակվեն կանխարգելիչ մեխանիզմներ։ Մեր հետազոտությունները նաև կարող են հիմք ծառայել պետական մարմինների համար մշակելու ազդեցությունների գնահատման մոդել»։

Սույն hոդվածը պատրաստվել է «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։

Հունվար 12, 2026 at 15:19

Leave a comment