ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Պաոլո Ձամպոլին ՖԻՖԱ-ին առաջարկել է Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի փոխարեն ընդգրկել Իտալիային։
«Financial Times»-ը հայտնել է, այս նախաձեռնությունը նպատակ ունի հարթել Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև առկա լարվածությունը, որն առաջացել էր Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ Հռոմի Պապ Լեւոն 14-րդի հասցեին ԱՄՆ նախագահի քննադատություններից հետո։
Թրամփի հատուկ բանագնացը նշել է, որ որպես իտալացի, իր երազանքն է տեսնել «Աձուրիներին» ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարում, և որ Իտալիայի՝ Աշխարհի քառակի չեմպիոնությունը բավարար հիմք է նման բացառիկ որոշման համար։
Իտալիայի հավաքականն արդեն երրորդ անգամ անընդմեջ դուրս է մնացել Աշխարհի առաջնությունից Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն պարտվելուց հետո։ Իրանը որակավորվել է մրցաշարին, բայց իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի պատճառով դիմել էր իր խաղերն ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ բոլոր հանդիպումները կկայանան ըստ ժամանակացույցի, բայց Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը նշել էր, որ պատրաստվում են մրցաշարին, սակայն կսպասեն երկրի իշխանությունների վերջնական որոշմանը։