Robust Armenia 2026. Բիզնես-բնություն «հարաբերություններն» ու վերականգնվող Մատնունի ծիրանավորը

2026 թվականի ապրիլի 22-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը անցկացրեց կայուն զարգացման հարցերին նվիրված թվով  երրորդ Robust Armenia/Ամուր Հայաստան կոնֆերանսը: Այս տարվա թեման էր «Բիզնեսը եւ բնությունը»: 

Կոնֆերանսի գործընկերներն էին Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): 

«Խորհրդանշական է, որ կոնֆերանսն անցկացվում է Երկրի օրը»

Արա Թադեւոսյան, Մեդիամաքսի տնօրեն 

Այս կոնֆերանսի օրն ամրագրել էինք վաղուց, բայց երեկ երեկոյան պատահաբար հայտնաբերեցի, որ ապրիլի 22-ը Երկրի օրն է, որը նշվում է շրջակա միջավայրի պահպանության եւ մոլորակի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է ստացվել: 

Քանի որ սա արդեն երրորդ Robust Armenia-ն է, կարճ ներկայացնեմ՝ ինչպես առաջացավ գաղափարը: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

2024թ.-ի սկզբին տեղեկացա, որ շուտով Երեւան է գալու իմ լավ բարեկամ Ջոն Դին, որին Հայաստանում ճանաչում են որպես Rock Aid Armenia նախաձեռնության հիմնադիր: Ջոնը Ավստրալիայում շատ հայտնի բնապահպան է, կազմակերպել է բազմաթիվ մեծ բնապահպանական արշավներ: Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցին ասացի, որ, գուցե, համատեղ կազմակարպենք Ջոնի դասախոսությունը, Սերգեյն էլ առաջարկեց կոնֆերանս անցկացնել, որի գլխավոր խոսնակը Ջոնը կլինի: Այդպես ընդամենը մեկ ամսվա ընթացքում կազմակերպեցինք առաջին Robust Armenia-ն՝ «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կարգախոսով: Առաջին կոնֆերանսի հաջողությունից հետո որոշեցինք այն ամենամյա դարձնել: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Robust Armenia 2025-ը նոյեմբերին էր՝ «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով: Քանի որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, որոշեցինք համահունչ թեմա ընտրել՝ խոսելով այն մասին, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հարաբերվում բնության հետ, ինչ քայլեր են կատարվում «կանաչ» տնտեսության ոլորտում: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շնորհակալ եմ Robust Armenia 2026 կոնֆերանսի գործընկերներին՝ Ամերիաբանկին, «Լիդիան Արմենիա» ընկերությանը,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: 

Այս կազմակերպությունները Մեդիամաքսի եւ Banks.am պորտալի երկարամյա գործընկերներն են եւ շատ հաճելի է, որ գործակցում ենք նաեւ այս ձեւաչափով: ԶՊՄԿ-ն կոնֆերանսին աջակցում է երեք տարի շարունակ եւ շնորհակալ ենք այս շարունակական վստահության համար:

Ջոն Հոբսի անվան մրցանակը 

Առաջին պանելային քննարկման մեկնարկից առաջ ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը ներկայացրեց Ջոն Հոբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակը, որը հանձնվելու է 2026թ. հոկտեմբերին: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գլխավոր դրամական մրցանակին հավակնելու համար ընկերությունները կարող են ներկայացնել կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ իրականացվող իրենց ծրագրերը: 

Առաջին պանելային քննարկման թեման էր «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն»: Քննարկմանը մասնակցում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը, Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանը եւ Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը:

«Ռիսկերի ճիշտ կառավարուման դեպքում կարելի է մտնել նոր հնարավորությունների դաշտ»

Արմեն Ստեփանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն 

Շատ երկար կարելի է քննարկել այս հարցը: Այո, բիզնեսի եւ բնության միջեւ կա հակադրություն, բայց այն պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից: Միանշանակ, կա ազդեցություն բնության վրա: Ազդեցություն ասելով՝ պետք է հասկանանք ցանկացած գործունեություն, որը բերում է կենսաբազմազանության կորստի կամ նվազման: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բայց եթե նայեք բիզնեսի տեսանկյունից, ապա կա ռիսկերի կառավարման մեխանիզմ եւ այն ճիշտ իրականացնելու դեպքում կարելի է ոչ միայն խուսափել հակադրությունից, այլեւ՝ մտնել նոր հնարավորությունների դաշտ:  

Արթուր Պեպանյան, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր

Առաջին հայացքից կարող է թվալ՝ բիզնեսն ու կենսաբազմազանությունը հակադիր կողմերում են, բայց ճիշտ ընթացակարգերի դեպքում իրավիճակն իսկապես հնարավոր է կառավարել: Մշակվել է հստակ գործողությունների հերթականություն: Բիզնեսի գործունեությունից առաջ կամ դրա ընթացքում բնության վրա ցանկացած ազդեցություն պետք է գնահատվի 4 կետով: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նախ՝ փորձել խուսափել կոնկրետ ազդեցությունից, չկատարել գործողություններ, որոնք կարող են ազդել կենսաբազմազանության վրա, երկրորդ՝ եթե տվյալ գործողությունն անխուսափելի է, հնարավորինս նվազեցնել դրա ազդեցությունը, երրորդ՝ վերականգնել ազդեցության հետեւանքները եւ վերջում՝ փոխհատուցել: Փոխհատուցել թեկուզ մեկ այլ ձեւով, որը կնպաստի բնության եւ կենսաբազմազանության պահպանմանը: 

Անի Պապյան, Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար

Բիզնեսն ու բնությունն հակադիր չեն, խնդիրը ճիշտ հավասարակշռություն գտնելն է, ժամանակին բոլոր հնարավոր ռիսկերը հայտնաբերելը ու դրանք կառավարելը: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բանկային համակարգն իր որոշումներով, տնտեսության այս կամ այն հատվածը վարկավորելով, ինչ-որ չափով ուղղություն է «ձեւակերպում»: Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցում է մեկ տրիլիոն դրամը եւ վարկավորման որոշումների կայացման մասով մեզ մոտ ներդրված է լավագույն միջազգային փորձը: Մասնավորապես, 300 մլն դրամը գերազանցող ցանկացած նախագծի պարտադիր պայման է բնապահպանական ռիսկերի գնահատումը: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գնահատվում է՝ ինչ պոտենցիալ ազդեցություն կարող է ունենալ տվյալ բիզնեսը բնության վրա եւ ըստ դրա՝ դասակարգվում որպես է բարձր, միջին կամ ցածր ռիսկ ունեցող: 

Վաղինակ Ստեփանյան, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ

Իհարկե, ֆինանսավորում տրամադրելուց առաջ ռիսկերի կառավարումը շատ կարեւոր է, բայց մենք որոշել ենք սկսել ինքներս մեզնից: Բանկի խորհրդի եւ բաժնետերերի նախաձեռնությամբ բանկում ESG (Environmental, Social, and Governance) մոտեցումների ներդրման գործընթաց է մեկնարկել: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Օրինակ՝ բնապահպանական ռիսկերը նվազեցնելու համար մեր բոլոր ծառայողական մեքենաները փոխարինվել են էլեկտրամոբիլներով, իսկ բանկի տվյալների կենտրոնն արդեն մի քանի տարի սնուցվում է արեւային վահանակներով: 

Աննա Սաղաբալյան, ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրենի տեղակալ

Բիզնեսի համար «հակադրո՞ւթյուն, թե՞ հնարավորություն» հարցից բացի, սա նաեւ անխուսափելի մոտեցում է, որը լուրջ ազդեցություն ունի միջազգային շուկայում մրցունակության վրա: Հանքարդյունաբերությունն այն ոլորտներից է, որն, այսպես ասած, «ստիպված է» ներդնել ռիսկերի կառավարման չափորոշիչներ: Դա պարտավորություն է, եթե ցանկանում ես ապրանքդ վաճառել միջազգային շուկայում: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ի՞նչ անել, որ այս չափորոշիչները տարածվեն նաեւ բիզնեսի այլ ոլորտներում: Հայաստանի բիզնեսի մրցունակության տեսանկյունից մի ցավալի փաստով կիսվեմ: ԶՊՄԿ-ում հպարտությամբ ասում ենք, որ մենք միակ ընկերությունն ենք Հայաստանում, որն արդեն հինգերորդ տարին հրապարակելու է GRI եւ մի քանի այլ շրջանակներին համապատասխան կայուն զարգացման հաշվետվություն, բայց ցավալի է, որ միակն ենք: Հայաստանյան բիզնեսում դեռեւս չկա գիտակցումը, որ սա օրվա պահանջ է: 

Արթուր Պեպանյան, Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր

Հայաստանում դեռեւս բավական դժվար է աշխատել շինարարական, կապալառու ընկերությունների հետ, որոնց համար անվտանգությունը կամ բնապահպանությունն առաջին տեղում չեն: 

Մեր սկզբունքը հետեւյալն է՝ փոխել այս մոտեցումն այն ընկերությունների մոտ, որոնց հետ ունենք երկարատեւ համագործակցություն, զարգացնել այս մշակույթը: Կարող եմ ասել, որ դանդաղ, բայց տեսնում ենք դրական փոփոխություններ: 

Պետությունը պետք ստանձնի խիստ վերահսկողի՞, թե՞ «կանաչ» մոտեցումը խթանողի դեր

Անի Պապյան, Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար

Յուրաքանչյուր բիզնեսի նպատակն ի վերջո շահույթ ստանալն է, եւ պետության դերն, ըստ իս, ավելի շատ խթանող միջոցների ստեղծման մեջ է: Օրինակ՝ սուբսիդավորման ծրագրերի, հարկային արտոնությունների, դրամաշնորհների տեսքով այն ընկերություններին, որոնք «կանաչ» օրակարգ ունեն: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կարծում եմ, որ նամն խթանումն ավելի արդյունավետ է, քան ավելի խիստ վերահսկողությունը: Բիզնեսի համար կայուն զարգացումն ու «կանաչ» տնտեսությունը պետք է լինի ոչ միայն պարտադրանք, այլեւ՝ շահութաբեր: Սա կարեւոր է նաեւ ֆինանսավորում ստանալու համար: 

Մենք 2020թ.-ին առաջին անգամ թողարկել ենք «կանաչ» պարտատոմսեր՝ մոտ 42 մլն եվրոյի չափով: Հետագայում եղել նաեւ այլ թողարկումներ: Հիմնականում միջոցներն ուղղվել են վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորմանը: 

Վաղինակ Ստեփանյան, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ

Առանց վերահսկողության կամ պարտադրանքի դժվար առաջ գնանք, բայց զուգահեռ պետք է բարձրանա նաեւ գիտակցության մակարդակը: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանյան տնտեսության ազդեցությունը բնության վրա իրականում այնքան էլ մեծ չէ, բայց առանց որոշ չափորոշիչների ներդրման եւ պահպանման ինչ-որ պահից եվրոպական եւ այլ երկրների գործընկերներ մեզ հետ պարզապես չեն աշխատի: 

Բնություն վերադարձող Մատնունի ծիրանավորն ու անտառների վերականգնման պարտավորությունը

Արա Թադեւոսյան, Մեդիամաքսի տնօրեն 

Մենք երկար տարիներ լուսաբանում ենք «Լիդիան Արմենիա»-ի աշխատանքը եւ կցանկանայի անդրադառնալ մի դրվագի: Ժամանակին ընկերությունը, եթե չեմ սխալվում, մոտ 1 մլն դոլարի ներդրում կատարեց Կարմիր գրքում ընդգրկված մի բուսատեսակի պահպանությունն ապահովելու համար: 

Արթուր Պեպանյան, Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր

Նախապատմությունը հետեւյալն է. Ամուլսարի հենց գագաթին՝ բաց հանքերի տարածքում, հայտնաբերվեց Կարմիր գրքի բուսատեսակ՝ Մատնունի ծիրանավորը: Նախկինում որեւէ հիշատակում չկար այն մասին, որ այն աճում է Ամուլսարում: Մենք ենք դա բացահայտել եւ որոշել հոգ տանել:
 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեզ միացան Բուսաբանության ինստիտուտի մասնագետները, Քեմբրիջի համալսարանի գիտնականները, եռակողմ պայմանագիր կնքեցինք եւ սկսեցինք տարածքում առկա բուսատեսակի առանձնյակների հաշվառումը: Դրանց 21%-ը բուն ենթակառուցվածքների հատվածում էր: Բուսաբանության ինստիտուտի մասնագետների կողմից այս տարածքում աճող Մատնունի ծիրանավորի առանձնյակները տեղափոխվեցին Սեւանի բուսաբանության այգի՝ ջերմոցներում հետագա պահպանման համար: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Անգամ Ամուլսարում 2018-2025թթ. աշխատանքի դադարի ընթացքում այս բուսատեսակի շուրջ գործընթացները կանգ չեն առել, եւ արդեն ունենք արդյունք: Հավաքվել է մոտ 30 հազար սերմ, որոնց միջոցով նախատեսվում է բուսատեսակը  վերադարձնել բնական միջավայր: 

Արմեն Ստեփանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն 

Պարտավորվել ենք վերականգնել անտառներին հասցված վնասը եւ Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացնում ենք ծրագիր: 

Կան տարածքներ, որտեղ գործունեության ընթացքում հնարավոր չէ խուսափել ծառահատումներից: Հետագայում դրանք պարտադիր է վերականգնել: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 300 հեկտար տարածքի մասին է, որից 18 հեկտարն արդեն վերականգնվել է, 2-ի վերականգնումն ընթացքում է, իսկ մնացածի վերականգնման մասով նախարարության հետ կնքվել է հուշագիր եւ աշխատանքները շարունակական են լինելու: 

Վաղինակ Ստեփանյան, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ

Քանի որ խոսեցինք անտառների մասին, նշեմ, որ 2025 թվականին Լոռու մարզում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ մեկնարկել է անտառի տնկման ծրագիր, որին միացել են բոլոր առեւտրային բանկերը: Այս տարի եւս անտառի տնկման աշխատանքներ են իրականացվելու:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment